ԱՅՍՕՐ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՕՐՅԱ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-14 Սթրասբուրգում տեղի կունենա ԵՄ-Հայաստան հանձնաժողովի յոթերորդ նիստը: Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի համանախագահը հայկական կողմից, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, նիստի օրակարգ կմտնեն, մասնավորապես, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ժողովրդավարական գործընթացներին, կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության, տնտեսական եւ սոցիալական դրության, էներգետիկայի, բնապահպանության, կրթության եւ մշակույթի, հարեւանների հետ հարաբերությունների, անխոչընդոտ հաղորդակցությունների եւ սահմանամերձ գործակցութայն, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցեր: Առանձին կետով կքննարկվի ԵՄ «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» նախաձեռնությունը: Ըստ Ռուստամյանի, Հայաստանը 2005 թվականին կավարտի աշխատանքը այդ ծրագրով: Հանձնաժողովի նիստի ընթացքում, հայկական կողմը մտադիր է ներկայացնել նաեւ մարտի 29-30 տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խորհրդարանական լսումների արդյունքները: Արմեն Ռուստամյանը նշել է նաեւ, որ տարածաշրջանային համագործակցությունը չպետք է տուժի այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս լուծված չէ:


 Ուշագրավ
---