Նյու Յորքում բացվել է հայտնի դերասանուհի Քեթրին Հեփբյորնի հագուստների ցուցահանդեսը

Նյու Յորքում բացվել է հայտնի դերասանուհի Քեթրին Հեփբյորնի հագուստների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի հանրային գրադարանում բացվել է հայտնի դերասանուհի Քեթրին Հեփբյորնի հագուստների ցուցահանդեսը:

Հագուստի հարցում Հեփբյորնն առաջին հերթին առաջնորդվում էր հարմարավետությամբ՝ ոտքը ոտքին գցելու հնարավորությամբ: Փորձերի նա գալիս էր բացառապես խակի գույնի տաբատով ու ազատ վերնաշապիկով: Չորս «Օսկարների» արժանացած դերասանուհին առաջին կանանցից էր, որը համարձակվեց տաբատ կրել, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բացառապես կիսաշրջազգեստ էին կրում:

Ուստի զարմանալի չէ, որ «Քեթրին Հեփբյորն. հագուստ բեմի և էկրանի համար» ցուցահանդեսի առաջին նմուշը խակի գույնի մի քանի տաբատներն են: Ընդամենը այցելուների ուշադրությանն է ներկայացված լեգենդար դերասանուհու 40 հանդերձանք: Ցուցադրված է նաև սատինից կարված հոյակապ հարսանեկան զգեստը, որով Հեփբյորնը 1933թ. կատարել է Ստելլայի դերը Բրոդվեյում բեմադրված «Լիճը» պիեսում:

«Այն փաստը, որ նա լայն տաբատ էր կրում և ցանկանում էր հարմարավետ զգալ իրեն, մեծ ազդեցություն ունեցավ ամերիկյան նորաձևության վրա: Նրա կերպարը կարծես ասում էր կանանց. «Դուք չպետք է միշտ կորսետ ու նեղ զգեստ կրեք: Ազատ զգացեք ձեզ»,-նշում է Ջին Դրուսդաուն, Օհայո նահանգի Քենթի համալսարանի թանգարանի տնօրենը, ուր փոխանցվել են Հեփբյորի 700 անձնական իրերը նրա մահից հետո: Նա մահացել է 2003թ. 96 տարեկան հասակում: Հեփբյորնին միշտ հատուկ է եղել իր ուրույն ոճն ու էլեգանտությունը:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև հատվածներ նրա ֆիլմերից, դերասանուհու կոշիկներն ու աքսեսուարները, ինչպես նաև լուսանկարները: Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2013 թվականի հունվարի 12-ը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---