Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման աշխատանքների մոտ 65 տոկոսը կատարված է

Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման  աշխատանքների  մոտ 65 տոկոսը կատարված է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր առավոտյան խոհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում, որի օրակարգում էին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքերի ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

Զեկուցվեց, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 770,2 մլն դրամի դիմաց կազմել են 739,4 մլն դրամ, կատարողականը 96% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 85.5%, միայն 11 համայնքում է արձանագրվել 70%-ից ցածր ցուցանիշ:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարեց մարզի համայնքներում հավաքագրումների տեմպերը` միաժամանակ նշված 11 համայնքների ղեկավարներին հորդորելով ցուցանիշները բարելավել և ուշադրության կենտրոնում պահել վարչարարության ու հարկային կարգապահության խնդիրները:

Խորհդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին և չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Մարզում երրորդ ծրագրով իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 70 տոկոս: Չորրորդ ծրագրով մարզին հատկացված 261 մլն դրամը ևս կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, որոշ համայնքների գազիֆիկացմանը:

Փոխվարչապետին զեկուցվեց նաև Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման ընթացքի մասին: Կառավարության օգոստոսի 30-ի որոշմամբ այդ նպատակով հատկացվել է 137 մլն դրամ: Տեղեկացվեց, որ արդեն կատարվել է աշխատանքների մոտ 65 տոկոսը, նորոգումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի կեսերը:

Անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսական խնդիրներին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ մարզում առաջիկա օրերին կավարտվի խաղողի մթերման գործընթացը: Վերամշակող ընկերությունները մարզի բնակչությունից արդեն մթերել են 2715 տոննա խաղող` կիլոգրամը նվազագույնը 220 դրամով: Նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են կազմակերպված: Բերքի դիմաց վճարումները ընկերությունները խոստացել են կատարել մինչև նոյեմբերի 1-ը:

Տեղեկություններ ներկայացվեցին նաև մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի մասին:

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց նաև տարածաշրջանի ՋՕԸ-երի և ՏԿՆ ջրտնտպետկոմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի, ձևավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովմանն առնչվող հարցեր:

Վայոց ձորից փոխվարչապետը մեկնեց Սյունիքի մարզ, Տաթև համայնքում ծանոթացավ դպրոցի շենքի վիճակին, որը նախատեսվում է հիմնանորոգել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Զեկուցվեց, որ կատարվում են նախագծային աշխատանքները, որի ավարտից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ:

Փոխվարչապետն այցն ավարտեց Տանձատափ համայնքում, որը Տաթևի վանական համալիրի հարակից վեց գյուղերի թվում ընդգրկված է «Տաթևի վերածնունդ» ծրագրում: Ա. Գևորգյանը շրջայց կատարեց համայնքում, ծանոթացավ ենթակառուցվածքային հնարավորություններին: Համայնքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի առաջնահերթ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---