2014 թ-ին կավարտվի Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության առաջին փուլը

2014 թ-ին կավարտվի Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության առաջին փուլը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Դիլիջանի զարգացման ուղղությամբ: «Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում:

Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Համատեղ ջանքերով կարող ենք ապագա հինգ տարիների ընթացքում ունենալ որակապես այլ Դիլիջան, որը չի զիջի զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող նմանատիպ այլ կենտրոնների: Դրա համար կան լավ նախադրլյալներ:

Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, և դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում և ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Տեղեկացվել է, որ դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից:

Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ շահագործման կհանձվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:

Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016 թ.-ին, կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---