Հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը մոտ օրերս Հայաստանից Սիրիա կուղարկվի Իրանի կամ Իրաքի տարածքով

Հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը մոտ օրերս Հայաստանից Սիրիա կուղարկվի Իրանի կամ Իրաքի տարածքով

PanARMENIAN.Net - Սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ փուլի հումանիտար բեռներն արդեն պատրաստ են: Դրանք մոտ օրերս կփոխադրվեն Սիրիա: Քննարկվում է «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցելու հարցը՝ Իրանի և Իրաքի օդային ճանապարհներով մարդասիրական ուղեբեռն ուղարկելու համար` խուսափելով Թուրքիայի տարածքում դրանք ավելորդ անգամ վերազննելուց և ավելորդ ծախսերից:

ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքում գրված է, որ Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ասել է, որ մարդասիրական օգնությունը 45 տոննայից ավելի է, և հաշվեհամարը նորանոր համալրումներ է ստանում:

«Պետք է ասեմ, որ գործարար շրջանակները ևս ակտիվ մասնակցում են, մի քանի օր առաջ Պռոշյանի կոնյակի գործարանի կողմից 3000 տուփ բանջարեղենային պահածո ստացանք: Կարևոր համալրում է արել նաև Սիվիլիթաս հիմնադրամը՝ փոխանցելով 1 մլն դրամ: Դրամական փոխանցումներ են եղել նաև մեր մտավորականների՝ Ազատ Գասպարյանի, Հաղթանակ Շահումյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից: Ուշագրավ է նաև ֆրանսահայ գրող Մովսես Փչակչյանի ներդրումը, որն այստեղ է եկել իր գրքի շնորհանդեսի համար և գրքի վաճառքի գումարը տրամադրելու է մեզ: Պետք է անպայման շեշտեմ, որ մեր երկրում, մեր իրականության մեջ կա այն բարոյական ռեսուրսը, որը մեզ օգնում է միավորվել: Քանի դեռ մեր սիրիահայ եղբայրները մեր օգնության կարիքն ունեն, մենք պարտավոր ենք աջակցել նրանց»,-հայտնել է Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ չեն կարող անտարբեր լինել նաև Հայաստանում հաստատված սիրիահայերի հանդեպ, որոնց ևս ցուցակագրում են տաք ծածկոցներ և պարենամթերք տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ 15 տոննա մարդասիրական ուղեբեռով բեռնված առաջին օդանավն օգնությունը Հալեպ է հասցրել հոկտեմբերի 15-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---