Շարմազանովը՝ ադրբեջանցիներին. «Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա»

Շարմազանովը՝ ադրբեջանցիներին. «Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա»

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ի այսօրվա ելույթում անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին՝ ասել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

«Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են բարեփոխումների համապարփակ ծրագրերի մշակմանը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ավելի արդյունավետ կառավարման համակարգի:

Այն, որ Հայաստանը ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասն է, ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համաժողովին, որտեղ նշեց. Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ»»,-ասել է նա՝ հավելելով, որ այս խոսքերն ապացույցն են այն բանի, որ իշխանությունների համար ամենաէականը ոչ թե ամեն գնով վերարտադրվելն է, ինչպես անարդարացիորեն նշում են ոմանք, այլ ինչպես կասեր 20-րդ դարի մեծագույն գործիչներից մեկը` «Ուինսթոն Չերչիլը.Մտածել ոչ միայն ընտրություններում հաղթելու, այլև քայլեր ձեռնարկելու սերունդների բարեկեցության ուղղությամբ»:

«Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ շատ կարևոր է մեր պետության ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը: Այդ իմաստով առանցքային դրական նշանակություն ունի Հայաստանի եւ Արցախի նախագահների գլխավորությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացումը, որը եւս մեկ անգամ վերահաստատում է հայ սպայի եւ զինվորի մարտական բարձր ոգու եւ պատրաստվածության մասին: Զորավարժությունների անցկացման վերաբերյալ ադրբեջանցիների հերթական հերթապահ հայտարարությունը չուշացավ, համաձայն որի՝ «իրենք մոտ ապագայում կազատագրեն իրենց հողերը»»,-ասված է ԱԺ փոխնախագահի ելույթում:

Նա մեջբերել է նաև արելյան հայտնի ասացվածքը. «Հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա»: Է. Շարմազանովի խոսքերով՝ ադրբեջանցիներին պարզապես մնում է դուրս գալ Արցախի հանրապետութան օկուպացված որոշ տարածքներից եւ ուշ թե շուտ համակերպվել ԼՂՀ անկախության եւ միջազգային ճանաչման հետ:

 Ուշագրավ
---