Դատախազ. Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործով նախաքննություն չի կատարվում

Դատախազ. Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործով նախաքննություն չի կատարվում

PanARMENIAN.Net - Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանին դեռևս տուժող չեն ճանաչում: Մաշտոցի պողոտայում 13 հարկանի շենք կառուցելու համար միլիոններ ներդրած ամերիկահայ գործարարը հայաստանյան դատարաններում շարունակում է իր պայքարը: Այսօր մամուլի ասուլիսում Խուդյանի գործով զբաղվող փաստաբան, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալը 2011թ. մարտի 25-ին բաց նամակով դիմել է ՀՀ սփյուռքի նախարարին և պատասխան չի ստացել: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն ի պատասխան հայտարարեց, որ Խուդյանի բաց նամակին պատասխան է ուղարկել Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, որում վկայակոչվում է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը, ըստ որի` դատական համակարգն ու դատավորներն անկախ են, և ՀՀ սփյուռքի նախարարությունն իրավասու չէ միջամտելու: «Սփյուռքի նախարարությունը պատրաստ է և ցուցաբերում է իրավաբանական աջակցություն, խորհրդատվություն ցանկացած սփյուռքահայի: Բայց երբ գործը մտնում է դատական վարույթ, նախարարությունը իրավասու չէ միջամտել: ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պետք է պաշտպանված լինի օրենսդրությամբ և կարող է իր իրավունքները վերականգնել դատական ճանապարհով: Բայց նախարարությունը լիազորություն չունի դատարանում պաշտպանելու սփյուռքահայի խախտված իրավունքները»,- նշեց նա:

Գործարար Էդմոնդ Խուդյանը, այդուհանդերձ, պնդում է, որ որևէ գրավոր կամ բանավոր պատասխան չի ստացել նախարարությունից: «Ես կարծում եմ, որ այս գործի մեղավորները խոչընդոտում են նախաքննության ավարտին և արդար վճռի կայացմանը»,- ասաց նա:

Փաստաբան, Խուդյանի գործով դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է, որ նախաքննությունը դեռևս չի ավարտվել, քանի որ իրականում քննություն չի կատարվում որոշ հովանավորների վերահսկողության պատճառով, և գործն էլ առաջ չի գնում: «Սևակ Արզարունին, ինչպես նաև այլ անձինք մինչև օրս չեն հրավիրվել քննիչի մոտ: Իսկ Խուդյանը տուժող չի ճանաչվում անգամ այն բանից հետո, երբ մեղադրյալներից մեկը` կառուցապատող «Արին կապիտալ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Եսայանը խոստովանել է իր մեղքը, մասնավորապես` փաստաթղթերի կեղծումը»,- ասաց նա:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող ընկերության դեմ 2011թ. մայիսի 3-ին քրեական գործ է հարուցվել կանխամտածված սնանկության հետևանքով պետությանը խոշոր չափի` 139,3 մլն դրամի վնաս հասցնելու համար: Այս գործով նախաքննությունն արդեն 1,5 տարի է, ինչ շարունակվում է, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանն այդպես էլ գործարար Էդմոնդ Խուդյանին տուժող չի ճանաչում, իսկ նախաքննությունն էլ ոչ մի կերպ չի ավարտվում: Իսկ այս ընթացքում Մաշտոցի 33ա և 33/1 հասցեներում գտնվող շենքերում անհայտ բնակարանատերերի քանակը գնալով ավելանում է, ընդ որում դա տեղի է ունենում անգամ ընկերության սնանկ ճանաչվելու պարագայում: Մեղադրյալների թվում են նաև 2009թ. գարնանից «Արին կապիտալ» ՍՊԸ-ն փաստացի ղեկավարած Վլադիսլավ Մանգասարյանը, ինչպես նաև Ղևոնդ Ղալումյանը, շոշափվում է նաև ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի անունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---