Միակ արտասահմանյան հյուպատոսարանը, որը մինչև հիմա աշխատում է Հալեպում, Հայաստանի հյուպատոսությունն է

Միակ արտասահմանյան հյուպատոսարանը, որը մինչև հիմա աշխատում է Հալեպում, Հայաստանի հյուպատոսությունն է

PanARMENIAN.Net - Միակ արտասահմանյան հյուպատոսարանը, որը մինչև հիմա աշխատում է Հալեպում, Հայաստանի հյուպատոսությունն է, ՀՀ խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Հայաստանի հյուպատոսարանն աշխատում է՝ չնայած քաղաքում ստեղծված բարդ և վտանգավոր իրավիճակին:

Ինչպես նշել է Էդվարդ Նալբանդյանը, շատ կարևոր է, որպեսզի Սիրիայում բնակվող հայերն իմանան, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատում է ոչ միայն Դամասկոսում, այլ նաև Հալեպում, և նրանք կարող են ցանկացած պահի օգնության համար դիմել այնտեղ:

Հալեպում մինչև սիրիական ճգնաժամը բնակվում էին 60 հազար հայեր: Բախումները սկսվելուց հետո սկսվել է Սիրիայից հայերի արտահոսքը:

Հոկտեմբերի 29-ին Հալեպի մերձակայքում գերի են վերցվել յոթ հայեր: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով, պատանդները «ողջ և առողջ» են: Պատանդներից մեկին՝ Ժորժ Ռաբատին, ազատ են արձակել:

Սակայն այսօր Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում առևանգվել է ևս մեկ հայ՝ Սաքո Կոզանը: Ավելի վաղ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական կրակոցից մահացել է 1968թ. ծնված Վարդան Խաչատրյանը:

 Ուշագրավ
---