ԿԳ նախարարը անդրադարձել է բուհերի խոշորացման խնդրին

ԿԳ նախարարը անդրադարձել է բուհերի խոշորացման  խնդրին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր Լոռիի մարզում մասնակցել է Ալավերդի քաղաքի թիվ 5 ավագ և Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը: Արմեն Աշոտյանը շնորհավորել է լոռեցիներին նախակրթարանների բացման կապակցությամբ` նշելով, որ վերջին տարիներին նախարարության իրականացրած ծրագրերը հասել են որոշակի հաջողությունների, ինչի վառ ապացուցն է 2012 թվականին Լոռու մարզի 14 համայնքում 20 նախակրթարանի բացումը, որոնցում ընդգրկված է շուրջ 450 երեխա:

Մարզային այցելության շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է պետական բուհերի, այդ թվում նաև Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիվ ստեղծված պատճառները, մասնավորապես, գիտամանկավարժական ներուժի խոշորացման և կենտրոնացման, ֆինանսական արդյունավետ կառավարման, բնակչության քանակին համապատասխան ուսումնական հաստատություններ ունենալու և այլ խնդիրներ: «Վանաձորի նման խոշոր քաղաքում վաղուց ժամանակն է ունենալ պետական համալսարան` ստեղծելով իրականում մայր բուհ, որը կկենտրոնացնի մարզի ողջ պրոֆեսորադասախոսական ներուժը և և կսպասարկի մարզի տնտեսական և հասարակական շահերը»,-եզրափակել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին հուզող հարցերին և ծանոթացել վերջիններիս ներկայացրած առաջարկություններին:

Կայացած միջոցառումներին և հանդիպումներին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---