Նուրի ալ Մալիք. Իրաքը պատրաստ է լայն համագործակցության Հայաստանի հետ

Նուրի ալ Մալիք. Իրաքը պատրաստ է լայն համագործակցության Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Բաղդադում այսօր կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ:

Նիստից հետո ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի ալ Մալիքի հետ:

Նուրի ալ Մալիքը ողջունեց Հայաստանի պատվիրակության այցը Իրաք` նշելով, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է լայն համագործակցության` կողմերին հետաքրքրող բոլոր ուղղություններով: Նա կարևոր համարեց միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը երկկողմ հարաբերությունների ակտիվացման, առևտրաշրջանառության ծավալների մեծացման, փոխգործակցության համակարգման տեսանկյունից: Վարչապետի խոսքով` երկու երկրների հարաբերությունների խորացմանն էապես կնպաստի նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Ա. Գևորգյանը նույնպես ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց միջկառավարական հանձնաժողովի արագ ձևավորման և անդրանիկ նիստի կազմակերպման առնչությամբ: «Դա վկայում է, որ առկա է երկու բարեկամ երկրների միջև հարաբերութունները զարգացնելու փոխադարձ և անկեղծ շահագրգռվածություն»,-նշեց նա: Կողմերն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին: Նշվեց, որ քննարկվել են գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, երկու երկրների միջև հեռանկարային կարող է լինել նաև համատեղձեռնարկությունների ստեղծումն ու արտադրանքի արտահանումը»,-ավելացրեց Ա. Գևորգյանը: Զրուցակիցներն անդրադարձան ռազմական, նավթագազային ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Առանձնահատուկ կարևորվեցին տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների մշակման հարցերը, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Կողմերը վստահություն հայտնեցին, որ առաջիկայում կհաջողվի ստեղծել այն նվազագույն անհրաժեշտ իրավապայմանագրային բազան, որի հիման վրա կկառուցվեն տնտեսական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը:

Կողմերը ողջունեցին նաև հայ գործարարների մասնակցությունը Բաղդադի միջազգային 39-րդ ցուցահանդեսին: Երկկողմ շփումների ակտիվացման տեսանկյունից կարևորվեցնմանատիպ միջոցառումների, գործարար համաժողովների կազմակերպումը: Զրուցակիցները ընդգծեցին նաև Իրաքի հայ համայնքի դերը բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---