Արմեն Բադալյան. ՀՅԴ-ն ավելի իրատեսական է մոտենում գալիք նախագահական ընտրություններին

Արմեն Բադալյան. ՀՅԴ-ն ավելի իրատեսական է մոտենում գալիք նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Առավոտյան, երբ ՀՅԴ-ն իր սպասված հայտարարությունը դեռ չէր արել, քաղաքական և վերլուծական շրջանակները շունչները պահած սպասում էին, որ «Դաշնակցություն»-ը նախագահական ընտրություններում իր թեկնածուի առաջադրման մասին է հայտնելու: Սակայն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ այսօրվանից խորհրդակցություններ է սկսում բոլոր քաղաքական ուժերի հետ և ոչ մի խոսք չասաց նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու մասին:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի բնորոշմամբ՝ քանի որ «Դաշնակցություն»-ը հանդես չեկավ սեփական թեկնածուով, ուրեմն նրանք իրատեսական են մոտենում նախագահական ընտրություններին: Իրենք էլ են զգում հասարակության մեջ տեղի ունեցած էական փոփոխությունը. այն է՝ հասարակությունը չի կարողանալու ինքնուրույն նախագահ ընտրել: «Այստեղ բավական ազդեցիկ դեր են ունենալու արտաքին քաղաքական կենտրոնները, իսկ դրանք, կարծում եմ, որ չեն աջակցի ՀՅԴ-ին: Առանց այդ աջակացության ոչ միայն ՀՅԴ-ն, այլև ոչ մի կուսակցություն Հայաստանում չի կարող հաղթել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը:

Արմեն Բադալյանը հիշեցրեց, որ կառավարման խորհրդարանական կարգին անցնելու մասին ՀՅԴ-ն խոսում է արդեն մի քանի տարի: «ՀՅԴ-ն լիդերային կուսակցություն չէ: Այնտեղ որոշումը մեկ մարդ չի ընդունում՝ ի տարբերություն մյուս կուսակցությունների, որտեղ լիդերը շատ լիազորություններ ունի, և նրա ձայնը բավական վճռական է»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ-ն առաջարկում է անցնել 100% համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական կարգի:

 Ուշագրավ
---