ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանային զարգացմանը: Այս մասին այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով` ԵՄ-ը կազմակերպել է բազմաթիվ տարբեր միջոցառումներ, սեմինարներ, սակայն մինչեւ այժմ չի հաջողվել կարգավորել համագործակցությունը տարածաշրջանում: Այդ կապակցությամբ Տալվիտիեն նշել է, որ Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Նա նաեւ նշել էՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությւոնների շարունակման անհրաժեշտությունն արտգործնախարարների մակարդակով: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կարեւոր դեր են խաղում բանակցային գործընթացում այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել նախագահների մակարդակով հանդիպման ժամանակը: «Առանց հակամարտող կողմերի երկխոսության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող գործել: Հակամարտության մասնակիցներն իրենք պետք է գտնեն լուծումը, եւ միայն այդ դեպքում համանախագահները կարող են իրենց ավանդը ներդնել կարգավորման գործընթացում եւ հակամարտության լուծման բանաձեւեր առաջարկել»,- հայտարարել է Հ.Տալվիտիեն: Պատասխանելով հակամարտության կարգավորման Հարավսլավական տարբերակի կիրառման հնարավորության մասին հարցին` Տալվիտիեն նշել է, որ ղարաբաղյան հակամարտությանը այլ երկրների հակամարտությունների կարգավորման փորձը կիրառելը ոչ միշտ կարող է օգտակար լինել:
 Ուշագրավ
---