Քաղաքագետ. Հայաստանը պետք է մի քիչ ավելի հայամետ լինի և ավելի քիչ ռուսամետ ու ամերիկամետ

Քաղաքագետ. Հայաստանը պետք է մի քիչ ավելի հայամետ լինի և ավելի քիչ ռուսամետ ու ամերիկամետ

PanARMENIAN.Net - Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում ԱՄՆ-ի ավելի մեծ դերակատարում Հայաստանը չպետք է ակնկալի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն խորանալ։

Ըստ քաղաքագետի՝ Օբամանի վերընտրվելը Հայաստանի համար ձեռնտու էր, քանի որ նա ավելի հավասարակշռված դիրքորոշում ունի տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում։

«Ղարաբաղյան գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը դիտարկելիս, պարզ է դառնում, որ առաջատար դիվանագիտական դեր է խաղում Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ բոլորը սպասում են Թուրքիայի քայլին: Նա նաև հիշեցրերց ԱՄՆ կոնգրեսում հայամետ գործիչների ընտրվելուն զուգահեռ Թուրքիայում ահագնացող վախի մասին: «Թուրքիան հասկանում է, որ Հայաստանը, հայերը և հայկական խնդիրը չեն կարող անտեսվել: Որքան մոտենում է 2015թ.-ը, այնքան ավելի մեծ ճնշումների պետք է սպասել Թուրքիայի վրա՝ և ներսից, և դրսից:

Թուրքիայում ամեն տարի ավելանում են Ցեղասպանության հիշատակման միջոցառումները: Սա տանում է նրան, որ Թուրքիան պետք է առաջինը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ Հայսատանը պետք է մի քիչ ավելի հայամետ լինի և ավելի քիչ ռուսամետ ու ամերիկամետ: «Հայաստանը պետք է իր ուժը իր մեջ փնտրի և գտնի»,- նկատեց քաղաքագետը: Ռիչարդ Կիրակոսյանը հետաքրքիր միտում է նկատել՝ դրսից Հայաստանին ռազմականապես ավելի կարևոր են համարում, հայակական արտաքին դիվանագիտությունն էլ ակտիվացել է: Իսկ ահա Ադրբեջանն իրեն միայն վատ վիճակի մեջ է դնում: «Սակայն ճիշտ չէ ունենալ արտաքին քաղաքականություն, որը հիմնվում է թշնամիների սխալների վրա: Մենք պետք է բարձրացնենք մեր արդյունավետությունը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

 Ուշագրավ
---