Շուտով լույս կտեսնի Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը

Շուտով լույս կտեսնի Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին: Նախագահը շնորհակալություն է հայտնել գրողին, ով իր վաստակաշատ գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է նվիրել հայ ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին՝ զգալիորեն նպաստելով հայ մշակույթի հանրահռչակմանը, մեր ժողովրդին աշխարհում արժանվույնս ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու գործին:

Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին Հանրապետության նախագահը հանձնել է Պատվո շքանշան, որով հայ ժողովրդի մեծ բարեկամը պարգևատրվել էր ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հանդիպմանը Կիմ Բակշին տեղեկացրել է Նախագահին, որ հայ ժողովրդի մասին պատմող իր բազմաթիվ գրքերի շարքը շուտով համալրվելու է արդեն հրատարակության տրված նոր գրքով՝ «Արցախի հոգևոր գանձերը» վերնագրով:

Սերժ Սարգսյանը գրողին մաղթել է առողջություն և հաջողություններ՝ հետագա բոլոր նախաձեռնություններում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---