Հայաստանն ու Լիբանանը կարող են համատեղ Առևտրաարդյունաբերական պալատ ստեղծել

Հայաստանն ու Լիբանանը  կարող են համատեղ Առևտրաարդյունաբերական պալատ ստեղծել

PanARMENIAN.Net - Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը: Հանրապետության նախագահը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին:

Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս անբավարար են:

Սերժ Սարգսյանը և վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի և Լիբանանի գործարար շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատման համար: Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ Առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը:

Օրվա ավարտին ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---