ԱԺ նախագահ. Թուքմենստանի նախագահի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը

ԱԺ նախագահ. Թուքմենստանի նախագահի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները և Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները:

Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը և հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարևորեց առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիևայի ջերմ ողջույնները և պաշտոնական այցի հրավերը: Պարոն Բերդիմուհամեդովի համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նա կարևոր և օգտակար համարեց Հայաստանի փորձը օրենսդրական բարեփոխումների ոլորտում: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության զարգացումը` Թուրքմենստանի նախագահը նշեց, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առևտրատնտեսական ու գիտամշակութային կապերը և տեղեկացրեց, որ այսօր մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել: Բերդիմուհամեդովը նշեց, որ առևտրատնեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով 2013թ. Աշգաբադում կկազմակերպվի գործարար ֆորում և Հովիկ Աբրահամյանին հրավիրեց մասնակցել այդ միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
---