Ադրբեջանը չէր հանգստանա, եթե չփորձեր գտնել երևանյան ԱԱ խամրեցնելու պատճառ

Ադրբեջանը չէր հանգստանա, եթե չփորձեր գտնել երևանյան ԱԱ խամրեցնելու պատճառ

PanARMENIAN.Net - Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանում ընթանում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր երկրի մայրաքաղաքը հյուրընկալել է 68 երկրի ավելի քան 700 բռնցքամարտիկների: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ամեն օր ականատես է լինում ակտիվ ու գեղեցիկ մենամարտերի, իսկ պատվիրակությունների անդամները նշում են, որ Հայաստանը կարողացել է լավ կազմակերպել առաջնությունը:

Իսկ բռնցքամարտի ֆեդերացիան քիչ թե շատ կազմակերպման փորձ ունի. այստեղ դեռ 2009-ին կայացել է աշխարհի պատանիների առաջնությունը, իսկ 2010-ից տեղի է ունենում մեծահասակների միջազգային մրցաշար:

Այս տարվա առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրեց նաև Ադրբեջանը: Մինչ նրանց գալը, Հայաստանը հայտնեց, որ կապահովի վերջիններիս անվտանգությունը:

Արդյունքում, նրանք Թբիլիսիից եկան չարթերային չվերթով, մնում են առանձին հյուրանոցում, որի անունը գաղտնի է պահվում, նրանց միշտ հսկում են անվտանգության մի խումբ աշխատակիցներ: Իսկ տրիբունաները… բնական է, որ ծափահարություններվ չեն դիմավորելու, չէ որ, մեղմ ասած, «շատ սիրելի» մարդիկ չեն ռինգ դուրս գալիս: Բայց ինչ են անում հայ երկրպագուները:

Նրանց իրոք չեն հետաքրքրում ազերիների մարտերը, նրանք պարզապես երկրպագում են այն բռնցքամարտիկին, ով մենամարտում է ադրբեջանցու դեմ:

Մի պահ հիշենք, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպես էր Բաքուն հյուրընկալել մեր բռնցքամարտիկներին: Հենց մարտերի ժամանակ մեր տղաներին դիմավորել էին քարերով, հայհոյանքներով, սուլոցներով: Արդյունքնում, մեր մարզիկները դահլիճում չեն կարողացել հետևել նույնիսկ իրենց թիմակիցների կամ էլ մրցակիցների ելույթին:

Իսկ Երևանում ադրբեջանցի մարզիկներն առանձին տրիբունայում հետևում են առաջնությանը, երկրպագում են իրենց ընկերներին, լուսանկարվում են, և նրանց տրիբունան հսկվում է ամենաբարձր մակարդակով:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովն ասել էր, որ իրենց պատվիրակության անվտանգությունը շատ բարձր մակարդակով է ապահովված:

Սակայն ադրբեջանցիները չէին հանգստանա, եթե չփորձեին իրենց հատուկ ոճով ինչ-որ վատ բան գտնել:

Բանն այն է, որ աշխարհի առաջնության պաշտոնական գրքույկում Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ նաև ներկայացված է Արցախը, որպես անկախ պետություն:

Իսկ կա՞ մեկը, որ կարող է պնդել հակառակը: Արցախի ժողովուրդն ինքն է ընտրել իր անկախության ուղին, և ազատագրվելով` արդեն 20 տարի է, ինչ կառուցում է իր անկախ երկիրը:

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիևը azerisport.com-ին ասել է. «Առաջին հերթին մենք սպասում ենք, որպեսզի մեր թիմը հետ վերադառնա ու իր հետ բերի այդ գրքույկը: Դրանից հետո կորոշենք մեր անելիքները: Բայց մտադիր ենք դիմել ԱԻԲԱ-ին: Չգիտեմ` նրանք ինչ որոշում կընդունեն, բայց չի բացառվում, որ կարգելեն Հայաստանին այսուհետև անցկացնել միջազգային մրցաշարեր»,- ասել է Աբիևը:

Ինչ կարելի է ասել… գրքում տեղ է գտել այն, ինչը ճիշտ է: Իսկ ԱԻԲԱ-ն տվյալ երկրին միջազգային մրցաշարի անցկացման թույտվություն տալիս է ըստ մրցաշարերի անցկացման բարձր մակարդակի: Չպետք է նաև մոռանալ, որ երբ Թաիլանդը հրաժարվեց առաջնության անցկացումից, հենց Հայաստանն էր, որ ձեռք մեկնեց ԱԻԲԱ-ին ու առաջարկեց այն կազմակերպել իր երկրում:

Առաջնությունն արդեն մոտենում է եզրագծին, և կարելի է ասել, որ այն ստացվել է, ու բոլոր մասնակիցներն իրենց հետ կտանեն միայն դրական ու անմոռանալի հիշողություններ: Մենք անգամ չէինք էլ մտածում, որ ադրբեջանցիներն անգամ հոգու խորքում կխոստովանեն, որ երևանյան առաջնությունն իրենց համար ինչ որ բանով առանձնացել է: Նրանք եկան, որովհետև մեր բռնցքամարտիկներն էլ գնացել էին Բաքու, պարզապես նրանք չցանկացան «պարտք մնալ» մեզ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---