Պինգվիններ, ֆլամինգոներ, եղնիկներ. Էլ ով կհայտնվի Երևանի փողոցներում` կիմանանք մի քանի օրից

Պինգվիններ, ֆլամինգոներ, եղնիկներ. Էլ ով կհայտնվի Երևանի փողոցներում` կիմանանք մի քանի օրից

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում շարունակվում են ամանորյա ձևավորման աշխատանքները: Այսօր առավոտվանից երևանցիների ուշադրության կենտրոնում են Սայաթ-Նովա պողոտայի կանաչ գոտում տեղադրված բազմաթիվ եղնիկներ, իսկ Օպերայի շենքի և Կարապի լճի մերձակայքում` պինգվիններ, ֆլամինգոներ, ԳԱԱ շենքի հարևանությամբ (երևի) քարայծ և այլն:

Փորձեցի այդ և առաջիկայում տեղադրվելիք կենդանիների մասին պարզաբանում ստանալ քաղաքապետարանից:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ չեն կարող պատասխանել բանավոր հարցման և պահանջեցին գրավոր հարցում ուղարկել: Հաշվի առնելով, որ հարցը կապված է Երևանի ամանորյա ձևավորման հետ` փորձեցի տեղեկություն ստանալ մայրաքաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուց: Վերջինս հրաժարվեց պատասխանել հարցերիս` վկայակոչելով, թե դրա համար անհրաժեշտ է իրազեկել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը: Չնայած դրան, հաջորդ զանգս քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին էր, ով, բարեբախտաբար, պատասխանեց:

«Կենդանիներ դեռ էլի են տեղադրվելու, ընդ որում, ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև մյուս վարչական շրջաններում: Դրանք իրենց լիարժեք տեսքը կստանան գիշերային լուսավորությամբ: Պետք չէ նախօրոք վատ տրամադրվել կամ միայն սեփական ճաշակով դատել. դեկտեմբերի 20-ին Երևանն ամբողջությամբ ամանորյա ձևավորում կստանա, և միայն այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպիսի տեսք է այն ստացել»,- նշեց նա, իսկ մնացած հարցերիս հրաժարվեց պատասխանել` տեղեկացնելով, որ երեքշաբթի օրը քաղաքապետարանում կկազմակերպվի մամուլի ասուլիս, որի ժամանակ կհնչեն Երևանի ամանորյա ձևավորման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Առաջին դեպքը չէ, երբ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է մի բան և երևանցիներին անակնկալ մատուցելու պատրվակով հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել: Արդյունքում տարածվում են բոլորովին իրարամերժ կարծիքներ, և քաղաքապետարանը ստիպված է լինում թյուր կարծիքները հերքելու համար պարզաբանումներ տալ: Այդպես եղավ ամռանը մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում տեղադրված կանաչ կենդանիների դեպքում, այդպես եղավ «Մեր հանճարները մեր կողքին են» արձանների դեպքում, և նույնը կատարվում է այժմ, երբ ամբողջ համացանցը ողողել են գույնզգույն գազանների լուսանկարները, իսկ պարզաբանումները կստանանք միայն 4 օր անց: Դե ինչ, մնում է սպասել…

Անի Պապոյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---