«Երբ գիրքը գտնում է նկարչին» ցուցահանդեսը բացված է

«Երբ գիրքը գտնում է նկարչին» ցուցահանդեսը բացված է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը եզրափակում է 2011 թ-ի վերջին բացված հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության նախագահը շրջել է ցուցասրահում, ծանոթացել հայաստանյան հինգ մշակութային կառույցների՝ Հովհ. Թումանյանի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախագծի շրջանակում կազմակերպված միջոցառման ցուցանմուշներին:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Հովհ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին և դրանց պատշաճ պահպանման ու ներկայացման համար վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:

Ցուցահանդեսը նվիրված է հայ ընթերցանության պատմությանը և գրքի գեղարվեստական ձևավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները:

Ցուցահանդեսի արժեքավոր ցուցանմուշների թվում են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գրիգոր Խանջյանի ՝ գրական ստեղծագործությունների նկարազարդումները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---