ԲՀԿ-ի ստեղծած լարվածությունն ու ընտրություններին չմասնակցելու որոշումը. մարդկանց սպասելիքներն ու իրականությունը12 դեկտեմբերի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկար սպասված որոշումն արդեն հայտնի է: 2013-ի նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը և չի սատարելու որևէ մեկին: Վերլուծական շրջանակներում կար տեսակետ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից ԲՀԿ առաջնորդի շանսերը մեծ են և նա կարող է մեծ թվով ձայներ հավաքել: Գագիկ Ծառուկյանի որոշմանը բոլորն էին սպասում: Իսկ ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի որոշման նկատմամբ: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն, օրինակ, համոզված է, որ հասարակությանը ԲՀԿ որոշումը մեծ հաշվով չէր հետաքրքրում: «Հասարակությունը ոչ մի բանի էլ չի սպասում: Նրանց սպասելիքները միայն օդանավակայանում են, դեսպանատներում և Հայաստանի սահմանին: Մարդիկ արտագաղթում են, չեն պայքարում և անտարբեր են: Հասարակության 90 տոկոսը քաղաքական այս գործընթացներից որևէ ակնկալիք չունի: Ընտրությունները վերածվել են ֆինանսական միջոցառման»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը: ԲՀԿ որոշման վերաբերյալ ընտրողների կարծիքը PanARMENIAN.Net ը փորձեց պարզել մի փոքրիկ հարցումով: Բլոգեր Վահագն Մխոյանն ասաց, որ չէր սպասում, որ ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու չի առաջադրի: «Ենթադրում էի, որ միգուցե վերջիվերջո որոշեն Օսկանյանին առաջադրել»,- նկատեց նա: Ակտիվիստ Արմո Սաֆարյանը ԲՀԿ որոշումը գնահատեց որպես հերթական գործարք իշխանությունների հետ: «Սերժ Սարգսյանի հետ գաղտնի (նկատի ունեմ չհայտարարված) հանդիպումից հետո Ծառուկյանը փոխեց որոշումը»,- ասաց նա: Ըստ գիտաշխատող Ստեփան Գյոզալյանի՝մարդկանց և հատկապես իրենց համակիրներին այսքան լարված պահելն ու այդքան աղմուկ բարձրացնելը սխալ էր: Ոմանք, լսելով, որ Ծառուկյանը չի առաջադրվում, զարմացան, ոմանք էլ շատ անտարբեր էին և ասացին, որ դրան էլ սպասում էին: Մարդիկ նշում էին, որ Ծառուկյանը մեծ սխալ գործեց, քանի որ իրենք կարծում էին, թե ԲՀԿ-ն կհակադրվի իշխանությանը: Հարցվածներից մեկն էլ նկատեց, որ սրան էլ սպասում էր, և այսպիսով «շատ բացահայտ ամեն ինչ երևաց, այլընտրանք լինելն էլ հետը»: Մի կին էլ պատասխանեց, որ ինքը շատ կուզեր, որպեսզի Ծառուկյանն առաջադրվի և իր համար ցավալի անակնկալ էր: Քաղաքացիներից մեկն էլ հարցրեց. «Իսկ ինչ գիտեք, որ վաղը վեր չե՞ն կենա ու չեն ասի, որ թեկնածու են առաջադրում»: Մի երիտասարդ էլ նկատեց, որ սա տրամաբանական քայլ էր, և յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է դներ իր թեկնածությունը: Հարցվածներից մեկը նկատեց, որ ոչ մի անգամ պաշտոնապես չի հայտարարվել, որ Ծառուկյանը պատրաստվում է դնել իր թեկնածությունը: Դե ինչ, նախընտրական այս փուլն էլ համարենք փակված ու սպասենք թեկնածուների առաջադրմանը: Մարի Թարյան / PanARMENIAN News Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |