ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ IPAP ԾՐԱԳՐՈՒՄ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՍՏԵՂԾԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրին` հիմք կդառնա Դաշինքի հետ ռազմավարական համագործակցության համար: Նման համոզմունք է հայտնել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի ղեկավար, իշխանության կոալիցիայի մեջ մտնող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի տեղակալ Մհեր Շահգելդյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Դա շատ կարեւոր փաստաթուղթ է, որը վերաբերում է անվտանգության, պաշտպանության բնագավառին, սակայն միեւնույն ժամանակ, առնչվում է մարդու իրավունքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարությանը եւ, մասնավորապես, անվտանգության ոլոտի հասարակական եւ խորհրդարանական վերահսկողությանը»,- նշել է նա: Խորհրդարանականի խոսքերով` հայկական կողմից ներկայացված փաստաթուղթն ստացել է բարձր գնահատական եւ բնութագրվել է որպես «գործնական բնույթի»: IPAP-ում մասնակցությունը հնարավորություն է տալիս ստեղծել ՆԱՏՕ-ի հետ գործընկերաության երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, եզրափակել է Մ.Շահգելդյանը: Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նեկայացրել է փաստաթղթի նածագծում տեղ գտած հիմնական բարեփոխումները, որոնք նախատեսվում են իրականացնել պաշտպանական ոլորտում` IPAP շրջանակներում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեխանիզմներն` ուղղված այդ բարեփոխումների իրականացմանը: Դրանց թվում են` «ՆԱՏՕ-ի հետ պարբերաբար խորհրդատվություններ` տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, անվտանգության ռազմավարության մշակում, ռազմական ուսմունքի մշակում, պաշտպանության եւ բյուջեի պլանավորման գործընթացի կատարելագործում, օպերատիվ մակարդակով ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ապահովում, պաշտպանության հարցում լայն հասարակայնության ակտիվացում, ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների կատարելագործում, հասարակության իրազեկություն, պաշտպանական եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող ոլորտների միջգերատեսչական համատեղում, իրավական դաշտի կատարելագործում եւ բնապահպանության խնդիրների լուծում»: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Աղաբեկյանը, IPAP-ի շրջանակներում Հայաստանը նախատեսում է ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից ստանալ «բացառապես խորհրդատվական օգնություն, եւ երբեք չի բարձրացրել նյութական կամ ռազմատեխնիկական ապահովման հարցեր»: Նա հայտարարել է նաեւ, որ բարեփոխումների առանցքը կդառնա անվտանգության ռազմավարության մշակումը, նրա հետագա քննարկումը հասարակության շրջանում եւ 2007 թվականին խորհրդարանի քննարկմանը ներկայացնելը: «Եթե ռազմավարությունը հավանության արժանանա Ազգային ժողովի կողմից», ապա այն կդառնա երկրի ռազմական դոկտրինայի ստեղծման հիմքը»,- հայտարարել է նա: Փոխնախարարն ընդգծել է նաեւ, որ IPAP ծրագիրը թույլ է տալիս բարեփոխել պաշտպանության համակարգը փուլ առ փուլ եւ չկագավորված հակամարտությունների պայմաններում: Աղաբեկյանի խոսքերով` IPAP շրջանակներում անցկացվելիք բարեփոխումները թույլ կտան 2015 թվականին մոտ ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան բանակ` ընդունակ դիմագրավելու նոր մարտահրավերների, լիովին ապահովելու պետության անվտանգությունը եւ մասնակցելու տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Աղաբեկյանը նշել է նաեւ, որ բարեփոխումները իրականացվելու են հաշվի առնելով չորս հիմնական սկզբունքներ. «ռեալիստական, փուլային, ճկունություն եւ խոր վերլուծություն,ժողովրդավարություն» եւ անցկացվելու են պետական համակարգի ընդհանուր բարեփոխումների համատեքստում:
 Ուշագրավ
---