ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ ԵՄ-Ի ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը: Հարցին անդրադարձ եղել է նաեւ մի քանի ամիս առաջ եւ, ինչպես նշել է նախագահը, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից գործողությունների ծրագրի մշակման մասին: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, ծրագրի նախագիծը թեեւ արդեն պատրաստ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար կպահանջվի եւս մի քանի ամսվա աշխատանք: Ինչպես նշել է նախագահը, նախագծում կան որոշ կետեր, որոնք ընդհանուր, դեկլարատիվ բնույթ ունեն: «Մի բան է հայեցակարգ հաստատելը, մի այլ բան` ծրագիր, որը պետք է ներառի կոնկրետ գործողություններ եւ դրանցից բխող կոնկրետ քայլեր»,- ընդգծել է նախագահը: Ներկայացնելով առաջարկությունների նախնական փաթեթը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ այն կազմվել է տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա, որոնց նպատակն է Հայաստանի քաղաքական ու տնտեսական միջավայրն առավելագույնս մոտեցնել եվրոպական չափանիշներին: Ներկայացված առաջարկությունների փաթեթին ընդհանուր առմամբ հավանություն տալով` Հայաստանի նախագահն ասել է, որ այն որոշակի լրամշակման եւ խմբագրման կարիք ունի: Այդ առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---