ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում գումարվելու է Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական 6-րդ նիստը: Oրակարգում գերակշռում է հարցերի տնտեսական բլոկը: Հայկական կողմից նիստում համանախագահելու է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ եվրոպական կողմը ներկայացնում է Եվրահանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հյուգ Մինգարելլին: Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե նիստի առաջին եւ ամենակարեւոր հարցը լինելու է եվրոպական «Միավորված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին Հայաստանի մասնակցության խնդիրը: «Հայաստանը ներգրավվել է ԵՄ ծրագրի մեջ երկու ամիս առաջ: Այժմ մենք պետք է երկկողմ ձեւաչափով բանակցենք եւ փորձենք մինչեւ տարվա վերջ մշակել քաղաքական գործողությունների ծրագիրը եւ մյուս տարվանից սկսենք իրագործել», - նշել է նա: Հայաստան - Եվրամիության համագործակցության կոմիտեի նիստը կտեւի մեկ օր: Բացի «Նոր հարեւանություն» ծրագրից օրակարգը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են առեւտրատնտեսական համագործակցությունը, բիզնես մթնոլորտի ձեւավորումը, էներգետիկ խնդիրները, ներդրումային համագործակցությունը: Անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
---