ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Փարիզում դրական էր եւ կառուցողական եւ անցել է լավ մթնոլորտում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սակայն, նրա խոսքերով, չհաջողվեց ավարտին հասցնել հարցի լուծումը, բայց գտնվեցին ընդհանուր եզրեր, եւ դա կպահանջի բանակցությունների շարունակում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի կողմից փոխզիջումների գնալը անհրաժեշտություն է: Արտգործնախարարը չանվանեց այն հարցերը, որոնց շուրջ գտնվել են ընդհանուր եզրեր, սակայն հայտարարեց, որ «այն ամենն, ինչ քննարկվել է, ներառում է իր մեջ փաթեթային կարգավորման տարրերը` Լեռնային Ղարաբաղի անվտանգությունից մինչեւ փախստականների հարցի լուծում»: «Սակայն, կարեւորագույն հարցը Լեռնային ղարաբաղի կարգավիճակն է, որը նույնպես ընդգրկված է խնդրի փաթեթային լուծման տարբերակի մեջ»,-հայտարարել է նախարարը: Մեկնաբանելով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը` Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ հարցը անհրաժեշտ է քննարկել այն բանից հետո, երբ կլուծվեն կարգավորման կարեւորագույն տարրերը, եւ միայն դրանից հետո հարկ կլինի քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Այն հարցին, թե կոնկրետ որ հարցերի շուրջ են ձեռք բերվել պայմանավորվածությունները, նախարարը նշել է, որ չէր ցանկանա այժմ խոսել դրա մասին.«Այժմ ժամանակը չէ հրապարակելու բանակցությունների արդյունքները»: Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու համատեքստում նախարարը նշել է, որ առաջին հերթին հարակավոր է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ հետո արդեն խոսել դրա մասին: Մեկնաբանելով Էլմար Մամեդյարովի արտահայտությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը գալիս է ադրբեջանական կողմից, Վարդան Օսկանյանը նշել է, որ դա պետք է գնահատել որպես ընտրողներին դուր գալու եւ նախընտրական արշավ սկսելու փորձ: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Է.Մամեդյարովը բաց զրուցակից է եւ լավ հարաբերությունների մեջ է իր նախագահի հետ, եւ բոլոր հարցերը արագ արձագանք են ստանում: Պատասխանելով այն հարցին, թե կարելի է ակնկալել իշխանափոխություն Ադրբեջանում, Վ.Օսկանյանը նշել է, որ չի մեկնաբանի դա, հույս հայտնելով, որ հնարավոր իշխանափոխությունը չի կարող խանգարել բանակցությունների գործընթացին:
 Ուշագրավ
---