ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՏՎՅԱԼ ՊԱՀԻՆ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՈՐԵՎԷ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) մամլո ասուլիս են տվել: Բաքու կատարած այժմյան այցի ժամանակ համանախագահները հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ «Շուշիի եւ Լաչինի շրջանի գործադիր իշխանությունների ղեկավարների հետ»: Խոսելով վերջին տարվա ընթացքում համանախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարած աշխատանքի մասին` Յու.Մերզլյակովը տեղեկացրել է նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների մասին: Բանակցությունների ներկայիս մակարդակը նա անվանել է հուսադրող: Նրա խոսքերով, Պրահայի գործընթացը, ինչպես մամուլում անվանում են բանակցային գործընթացը, աստիճանաբար խորանում է: Հիշեցնելով ընթացիկ տարվա մայիսի 15-ին Վարշավայում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին` ռուս համանախագահը դրական է բնութագրել բանակցությունների ընթացքը այդ հանդիպումից հետո, ասելով, թե երկու նախագահները գնահատել են այդ հանդիպումը որպես կառուցողական: Ռուս դիվանագետը չի հաղորդել բանակցություններում քննարկվող հարցերի մասին, բացատրելով դա կողմերի միջեւ պայմանավորվածությամբ առ այն, որ բանակցությունների ընթացքի մասին հաղորդում են իրենք կաղմերը: Յու.Մերզլյակովը այն հարցին, թե կա արդյոք համաձայնություն հակամարտության կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին, ոչինչ չի պատասխանել: Բացի այդ, նա չի հաստատել, եւ չի հերքել Հայաստանի պաշտոնական շրջանակներին հղումով տարածված այն տեղեկատվությունը, թե կողմերը միջնորդների հետ միասին քննարկում են կոնկրետ խաղաղ պայմանագիր, «որի համաձայն սկզբում կազատվեն 5 գրավյալ տարածքները, այնուհետեւ Լաչինի շրջանը, որից հետո հանրաքվեի ժամկետը որոշելուց հետո որոշում կկայացվի Քելբաջարի շրջանը ազատելու մասին»: Յու.Մերզլյակովը հայտարարել է, որ ներկայումս համանախագահները չեն աշխատում որեւէ խաղաղ պայմանագրի վրա, այլ հաստատում են միայն կարգավորման ընդհանուր սկզբունքները: Նրա խոսքերով, դժվար է ասել, թե երբ կսահմանվեն այդ սկզբունքները: Ռուս համանախագահը ասել է, թե ադրբեջանական կողմը առաջարկ է արել Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Գորիս ավտոճանապարհի վերաբերյալ, եւ կարծիք է հայտնել, որ որոշակի փուլում բանակցություններին կարող են միանալ տարածաշրջանի հայկական եւ ադրբեջանական համայնքները, քանի որ տեղի բնակչությունը ավելի լավ գիտի այդ ճանապարհի առանձնահատկությունները: Բ.Ֆասյեն հիշեցրել է վարշավյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հայտարարությունը խաղաղության կողմնակից լինելու վերաբերյալ: Նա ասել է, որ երկու երկրների ղեկավարությունը հասկանում է հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու, փախստականների վերադարձի կարեւորությունը.«Նախագահները հայտարարել են, թե նրանց նպատակը իրենց երկրները զարգացած եւ բարգավաճող տեսնելն է, իսկ դա հնարավոր է կայուն խաղաղության դեպքում: Պետությունների ղեկավարները հայտարարել են նաեւ, որ պահանջները կապված խնդրի լուծման հետ բխում են տարածաշրջանի անվտանգությունից»: Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին հարցին ֆրանսիացի համանախագահը համոզվածություն է հայտնել, որ դրանք կանցնեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն` ավելացնելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման համար: Ֆրանսիացի համանախագահը ասել է նաեւ, որ սխալ են պնդումները, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել անցած 10 տարվա ընթացքում, քանի որ այդ ընթացքում, հատկապես վերջին ամիսներին համանախագահները մեծ աշխատանք են կատարել: «Եթե մինչ այժմ չկան կոնկրետ արդյունքներ, ապա մեղքը համանախագահներինը չէ: Պատճառն այն է, որ կողմերը չկարողացան անհրաժեշտ կամք դրսեւորել: Պետք է հաշվի առնել, որ համանախագահները միջնորդներ են, իսկ կարգավորումը կախված է կողմերի կամքից»: Ֆրանսիացի դիվանագետը նշել է ղարաբաղյան խնդրի քննարկման նպատակահարմարությունը հարեւան երկրների` Թուրքիայի եւ Իրանի հետ: Դրան հավանություն է տվել նաեւ ռուս համանախագահ Յու.Մերզլյակովը` նշելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, եւ բացի այդ նա Մինսկի կոնֆերանսի անդամ է, եւ ուրեմն ժամանակին տեղեկատվություն է ստանում բանակցությունների ընթացքի մասին: Ի տարբերություն Յու.Մերզլյակովի, Ս.Մանը չի համաձայնվել Բ.Ֆասյեի կարծիքի հետ, ասելով, թե ԱՄՆ-ն մտադիր չէ քննարկել ղարաբաղյան խնդիրը Իրանի հետ, թեեւ ընդունելի է համարում դա Թուրքիայի դեպքում: Նա ասել է, որ համանախագահները հավատում են երկու ժողովրդների խաղաղ գոյակցությանը, եւ կոչ է արել երկու ժողովրդներին արդյունավետ բանակցություններ վարել հանուն տարածաշրջանի ապագայի: Ս.Մանը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին եւ նախագահ Իլհամ Ալիեւին հյուրընկալության համար եւ տեղեկացրել է, որ համանախագահները մեկնում են Երեւան, իսկ այնտեղից` Ստեփանակերտ: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքը ամրապնդել է խնդրի շուտափույթ կարգավորման հույսը: Սակայն ամերիկացի դիվանագետը կոնկրետ պատասխան չի տվել այն հարցին, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը: «Խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել երկու ամիս անց: Սակայն, կարող է ստորագրվել նաեւ հարյուր տարի անց»,-նկատել է Ս.Մանը, որի կարծիքով խնդրի լուծումը կախված է ոչ այնքան համանախագահներից, որքան հակամարտության կողմերից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---