ԱՎԳՈՒՍՏԻՆ ԿԱՐՍՏԵՆՍ. ԱՄՀ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ավգուստին Կարստենսին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Տ. Թորոսյանը կարեւորել է ԱՄՀ համագործակցությունը Հայաստանի հետ, քանզի վերջին շրջանում Հայաստանը հայտարարում է իր հեռահար նպատակների, այդ թվում` Եվրամիությանն անդամակցելու մասին: Նրա խոսքերով` այդ ճանապարհին մեր երկրի եւ ԱՄՀ արդյունավետ համագործակցությունը կարող է լավ արդյունք ունենալ: Տ.Թորոսյանը տեղեկացրել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում շուկայական տնտեսության ոլորտում Հայաստանը արձանագրել է բարձր ցուցանիշներ, որոնք մոտ են Եվրամիությանն անդամակցության ճանապարհին գտնվող մի շարք երկրներում արձանագրված ցուցանիշներին: Տիգրան Թորոսյանը ներկայացրել է երկրում ժողովրդավարության զարգացման գործընթացը, եւ այդ համատեքստում, արդեն ավարտին մոտեցող սահմանադրական բարեփոխումները: Իր հերթին, Ավգուստին Կարստենսը հաստատել է իրենց կազմակերպության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ` դա բացատրելով նաեւ մեր երկրի տնտեսության մեջ արձանագրվող դրական տեղաշարժով: Նա նաեւ նշել է, որ իրենց կարծիքով, տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ ավելի արագ տեմպերով զարգացող Հայաստանի հաջողության պայմաններից մեկը իշխանության բոլոր թեւերի համակարգված գործակցությունն ու ՀՀ կառավարության իրականացրած ճկուն տնտեսական քաղաքականությունն է: Կարստենսը տեղեկացրել է նաեւ, որ արդեն իսկ մշակված են տեխնիկական աջակցության որոշակի ծրագրեր, որոնք իրականացվելու են Հայաստանի հարկային եւ մաքսային համակարգերում, իսկ առաջիկայում ԱՄՀ-ը լայնամասշտաբ ծրագիր է իրականացնելու Հարավային Կովկասի հանրապետություններում: ԱԺ բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարեւորել է այն փաստը, որ ԱՄՀ այսուհետ իր գործընկերների շարքում տեսնելու է նաեւ Հայաստանի խորհրդարանը եւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցության հարցում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---