Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի ձևավորման հայտերը ևս մեկ անգամ կքննարկվեն

Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի ձևավորման հայտերը ևս մեկ անգամ կքննարկվեն

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվել են Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման հայտերը:

Ստացված 4 հայտերն են՝ Արման Գրիգորյան՝ «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խումբ՝ «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենց՝ «Հենակետ», Արարատ Սարգսյան՝ «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»: Հայտերը քննարկվել են՝ համաձայն փորձագիտական հանձնաժողովի նախորդ նիստում սահմանված չափորոշիչների: Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտերից ոչ մեկը լիովին չի համապատասխանում վերոնշյալ չափորոշիչներին և առաջարկել է համապատասխան լրամշակումից հետո Արման Գրիգորյանի և Արարատ Սարգսյանի ներկայացրած հայտերը լևս մեկ անգամ քննարկել : Հանձնաժողովի վերջնական նիստը գումարվելու է հունվարի 30-ին:

Նշենք, որ որ Վենետիկի բիենալեում Հայաստանը 1995-ից ի վեր 8 անգամ ներկայացրել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ): 1995-ին, երբ Հայաստանը առաջին անգամ պետք է մասնակցեր Բիենալեին, ՆՓԱԿ-ի հիմնադիր տնօրեն Էդվարդ Պալասանյանը դիմեց ՀՀ կառավարությանը` խնդրելով պաշտոնական նամակ գրել Վենետիկ` հաստատելու Հայաստանի մասնակցությունը: Եվ այդպես ամեն տարի: 2009թ. Հայաստանի մասնակցության բյուջեն, որտեղ ներկայացվեց վրացահայ նկարչուհի Գայանե Խաչատրյանը, 23 հազար դոլար էր, որից 8 հազար դոլարը տրամադրեց Մշակույթի նախարարությունը: Անցյալ տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացավ կուրատորական խմբով, ֆինանսավորման մի մասը դարձյալ ապահովեց Մշակույթի նախարարությունը: Այդուհանդերձ մասնակիցները մշտապես հիմնական միջոցները հայթայթել և հայթայթում են Սփյուռքում կազմակերպվող հանգանակությունների շնորհիվ, ինչպես նաև ներդնում սեփական միջոցները:

Վենետիկի 55-րդ Բիենալեն կրելու է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, գլխավոր համադրողը` Մասիմիլիանո Ջիոնին է: Նախնական բացումը տեղի կունենա մայիսի 29-31-ը, իսկ հրապարակային ցուցադրությունը բաց կլինի հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը:

Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի ձևավորման հայտերը ևս մեկ անգամ կքննարկվեն

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---