Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՄԱԳԱՏԷ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մոհամմադ Էլ Բարադեյին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի կառավարության եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ ձեւավորված համագործակցության առթիվ` ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գործընկերության խորացմամբ` նկատի ունենալով նաեւ Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցերը: Զրուցակիցները քննարկել են Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման եւ արդյունավետ աշխատանքի ապահովման խնդիրները: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը լուրջ ուշադրություն է հատկացվում: Ատոմակայանի աշխատանքը մշտապես վերահսկվում է ՀՀ նախագահին կից գործող Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են տարբեր երկրների ճանաչված մասնագետներ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրների եւ զարգացման հեռանկարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման վերաբերյալ: ՀՀ նախագահը նշել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է հանրապետության էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը:
 Ուշագրավ
---