ՄԱԳԱՏԷ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՆՈՐ ԱԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մոհամադ Էլ-Բարադեյին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Կարեւորելով Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ աջակցության համար` վարչապետն ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության համակարգում իր բացառիկ դերն ու նշանակությունն ունի, ուստի ատոմակայանի անվտանգության բարձրացման գործընթացն առաջնահերթություն է Հայաստանի համար: Ա. Մարգարյանը նշել է նաեւ, որ մեր երկիրը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման իր քաղաքականությանը եւ ընդունում է միջուկային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործման գործելակերպը: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանը միացել է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր հիմնական փաստաթղթերին, իսկ անցյալ տարի վավերացրել է նաեւ Միջուկային անվտանգության կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Նա նաեւ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նոր ատոմային էներգաբլոկների կառուցումը դիտարկում է որպես էներգետիկ անվտանգության ու անկախության պահպանման եւ ամրապնդման ռազմավարական խնդիր: Այս կապակցությամբ, Մոհամադ Էլ-Բարադեյը նշել է, թե ՄԱԳԱՏԷ-ն նոր ԱԷԿ-ի կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորման գործում կարող է աջակցել Հայաստանին: Նա նշել է նաեւ, թե իր այցի ընթացքում ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցում լուրջ առաջընթաց է արձանագրել, չնայած կարծում է, որ բավականին անելիքներ էլ դեռ կան: Նա կարեւորել է հատկապես համակարգված ծրագրի մշակումը, որտեղ կամրագրվեն իրականացվելիք բոլոր միջոցառումները` ըստ ժամկետների եւ ֆինանասական միջոցների: Նրա կարծիքով` դա զգալիորեն կհեշտացնի նաեւ այս հարցում դոնորների հետ աշխատանքը: Մոհամադ Էլ-Բարադեյը գոհունակությամբ նշել է ատոմային էներգետիկայի բնագավառից բացի, ռադիոլոգիայի եւ ռադիոթերապիայի բնագավառներում արդյունավետ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը անդրադարձել է նաեւ այլընտրանքային էներգետիկ աղբյուրների, այդ թվում` վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Մարգարյանի խոսքերով` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա Հայաստան-ՄԱԳԱՏԷ փոխգործակցության զարգացման համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---