Սերժ Սարգսյանի շտաբն անհանգստացած է անձնագրերի հավաքագրման մասին ահազանգերով

Սերժ Սարգսյանի շտաբն անհանգստացած է անձնագրերի հավաքագրման մասին ահազանգերով

PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարում է, որ խստորեն դատապարտում է տարբեր անձանց կողմից քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման ցանկացած դեպք, եթե այդպիսի բան տեղի է ունեցել կամ ունենում է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբից: «Այդ դեպքերը նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ` հեռ. 564297»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ անձնագրերի հավաքագրման մասին էր ահազանգել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների և ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում և հավաքում են անձնագրերի պատճեներ: «Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում և/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորներին քաջ հայտնի է: Նաև հավաքագրվում են անձնագրերի պատճեներ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը: Նրանք, ովքեր հրավիրված են այդպիսի ծնողական ժողովների, հավաքների, խնդրում եմ ներքին հաղորդակցությամբ կապվել ինձ հետ կամ դիմել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ».- ասված է Ստյոպա Սաֆարյանի տարածած հայտարարության մեջ:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ եթե որևէ խնդիր կա, ապա այդ մասին ահազանգողները պետք է դիմեն նաև իրավապահ մարմիններին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---