ՎԶԵԲ-ը 5 մլն դոլարին համարժեք դրամ է տրամադրել Կոնվերս Բանկին մարզերում ՓՄՁ վարկավորման համար

ՎԶԵԲ-ը 5 մլն դոլարին համարժեք դրամ է տրամադրել Կոնվերս Բանկին մարզերում ՓՄՁ վարկավորման համար

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ Երևանում համաձայնագիր են կնքել, որով միջազգային կառույցը հայկական բանկին սինթետիկ վարկ է տրամադրում 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով, որն ուղղվելու է միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից փաստաթուղթը ստորագրեց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, իսկ ՎԶԵԲ կողմից՝ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Ըստ էության այս վարկը հնարավորություն կտա ֆինանսավորումը կատարել ազգային արժույթով, ինչը կզսպի արժութային ռիսկերը ձեռներեցների համար»,-ասաց Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, միջոցները կտրամադրվեն սկսած 13 տոկոս տարեկան տոկոսադրույքից երկարաժամկետ կարգով, կարճաժամկետ վարկավորման դեպքում հնարավոր է տոկոսադրույքի նվազեցում մինչև 8 տոկոս տարեկան: Ունենալով զարգացած բաժանորդային ցանց՝ 31 գրասենյակ, «Կոնվերս Բանկը» մտադիր է հավատարիմ մնալ մարզերի զարգացման հայեցակարգին և վարկավորել միկրո, փոքր և միջին բիզնեսը, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում: Առաջին մասնաբաժնի տեղաբաշխումից հետո «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն մտադիր է բանակցել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործակցության շուրջ և միջոցներ ներգրավել վարկավորումն ընդլայնելու համար:

Իր հերթին Վալերիու Ռազլոգը հիշեցրեց, որ այս նախագիծը արդեն չորրորդն է ՎԶԵԲ-ի և Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում: Նա նշել է, որ համագործակցությունը սկսվել է 2009թ. և կշարունակվի հետագայում: «Սա նոր պրոդուկտ է, որը մենք տրամադրում ենք բանկին դրամով: Ես վստահ եմ, որ այն կգնահատվի հաճախորդների կողմից, որոնք հիմնականում մարզերում են աշխատում»,-ասել է նա: Ռազլոգը նաև հավելել է, որ միջազգային կառույցը մեծապես կարևորում է ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնումը ՓՄՁ համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---