Բահրեյնում կարևորում են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը

Բահրեյնում կարևորում են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի Թագավորության խորհդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրանց այցը լավ հնարավորություն է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու և օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: Կարևորելով Արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-բահրեյնյան համագործակցության համար կա զգալի ներուժ: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և գոհունակությամբ փաստեց, որ երկու խորհրդարաններում ձևավորվել են բարեկամության խմբեր: Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց ակտիվացնել երկուստեք ջանքերը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Նրա համոզմամբ լավ նախադրյալներ կան նաև կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման համար, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը նշեց, որ Բահրեյնը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնեց, որ իրենց այցը կնպաստի փոխգործակցության խորացմանը: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նա կարևորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Հասան Իյադ Բու Խամասը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական համագործակցության ակտիվացումը: Պատվիրակության ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի ջերմ ողջույնները և Բահրեյն պաշտոնական այցի հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ` կարևորելով խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս ամսին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---