ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ 9 օգոստոսի 2005 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայ-հունական հարաբերությունները խորանում եւ նորանոր ոլորտներ են ընդգրկում: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունաստանի Վերոնա քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Խարտալիասը: Նրա խոսքերով` երկու երկրների մի շարք քաղաքների միջեւ ստորագրվել է եղբայրության հուշագիր: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի Նոյեմբերյան եւ Հունաստանի Վերոնա քաղաքների միջեւ դեռեւս 2000 թվականին սկիզբ դրված համագործակցությունը վկայում է, որ երկու երկրների բարեկամական կապերը խորանում են տնտեսական ու մշակութային հիմքի վրա: Ն. Խարտալիասը հավաստել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը մնայուն է, եւ Վերոնան պատրաստ է նաեւ աջակցել եղբայր-քաղաք Նոյեմբերյանին` լուծելու նրա առջեւ ծառացած խնդիրները: Նախորդ տարի բարեկարգվել է Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգին, այս տարի` քաղաքի կենտրոնական` Զորավար Անդրանիկ փողոցը: Արդեն տրամադրվել է 15 հազար դոլար եւ նախատեսվում է եւս 25 հազար` քաղաքում մարզադաշտ եւ սրճարան կառուցելու համար: Իսկ հայկական կողմը կկազմակերպի երգի-պարի խմբերի հյուրախաղեր Վերոնայում: Դաշնակցության` Հունաստանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գասպար Կարապետյանը նշել է, որ սեպտեմբերի 23-ին հունական Նիկա եւ Հայաստանի Իջեւան քաղաքների միջեւ կկնքվի եղբայրության հուշագիր, իսկ հոկտեմբերին` Ալավերդի (Հայաստան) եւ Ռենդիս (Հունաստան)քաղաքների միջեւ: Նրա խոսքերով` Հունաստանի ԱԳՆ 500 հազար եվրո աջակցությամբ Դիլիջանում սեպտեմբերին կավարտվի հիվանդանոցի նորոգումը: Այս տարի ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ջանքներով Հունաստանը կհատկացնի 1 միլիոն 600 հազար եվրո` 4 ծրագրի իրականացման համար` Ախուրյանում ծննդատուն կկառուցվի, Երեւանում` հույների դպրոց, Գյումրիում կիրականացվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, Արմավիրում` գյուղական տեխնիկայի վերանորոգում: Հաջորդ տարի Հունաստանի ԱԳՆ-ն կհատկացնի 1,5-2 միլիոն եվրո, որը կուղղվի աշխատատեղերի ստեղծմանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |