Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է Գորիսը զբոսաշրջային կենտրոնի վերածելու PR-արշավը

Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է Գորիսը զբոսաշրջային կենտրոնի վերածելու PR-արշավը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը սկսում է Գորիսը միջազգային զբոսաշրջային կենտրոնի վերածելուն ուղղված PR-արշավը: Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ու տարածքայիյն և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Մենք արդեն բրոշյուրներ ենք տպում, տեղեկատվություն ենք տրամադրում և ներառել ենք այդ կենտրոնը մեր տարեկան ծրագրերում»,-ասել է նա: Իսկ ծրագրի անմիջական իրագործումն, ըստ նրա, կառավարությունը մտադիր է սկսել 2014 թվականին, երբ պատրաստ կլինեն նախագծային աշխատանքներն ու ֆինանսական հաշվարկները:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հավելեց, որ կառավարությունը մտադիր է ակտիվացնել կյանքը հանրապետության այդ մասում, առավել ևս, որ իր աշխարհագրական դիրքով քաղաքը տարանցիկ ճանապարհների խաչմերում է ԼՂՀ, Հայաստանի ու Իրանի համար: «Դա թույլ կտա ապակենտրոնացնել զբոսաշրջությունը երկրում՝ տարբեր մարզեր ներառելով»,-ասել է նա:

Արա Պետրոսյանը նշել է, որ արդեն այժմ տեղական ներդրողները քայլեր են ձեռնարկում իրենց գործն ընդլայնելու համար: Մասնավորապես, «Միրհավ» հյուրանոցի սեփականատերը մտադիր է նոր համալիր կառուցել: Ավելին, իսպանական պատվիրակության ակնկալվող այցի շրջանակներում կենտրոնը կներկայացվի որպես առավել հեռանկարային ներդրումների համար: «Իսպանացիները հայտնի են նրանով, որ մասնագիտացած են հին տներում էկոնոմ դասի հյուրանոցների բացման գործում »,-ասել է փոխնախարարը:

Հունվարի 31-ին կառավարության նիստում հաստատվել է Գորիսի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, անհրաժեշտ ֆինանսական հատկացումները, որոնք կընդգրկվեն կառավարության 2014-2016թթ. ծրագրում:

Գորիս քաղաքը հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հարևան Իրանի համար, իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով և ենթա¬կառուցվածք¬ներով, լավագույն հնարավորություններն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու:

Հաշվի առնելով Գորիս քաղաքում գոյություն ունեցող մշակութային հուշարձանների բնույթը, գեղարվեստական արժեքը, առանձին հուշարձանների և հուշարձանախմբերի` ժամանակակից կյանքի գործնական պահանջների համար օգտագործելու հնարավորությունները, քաղաքում զբաղեցրած դիրքը, ինչպես նաև, ելնելով նրանց ապագա օգտա¬գործման, շրջապատող տարածքների գործառական ճիշտ կազմակերպ¬ման տեսան¬կյունից՝ հնարավոր է Գորիսի պատմական կենտրոնում ստեղծել «Հին Գորիս» պահպանման և օգտագործման համար ամբողջական պատմամշակութային զբոսաշրջային համալիր: Բացի այդ Գորիսն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել առողջարանային, էկոլոգիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար:

Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս քաղաքի ինտեգրմանը միջազգային և հայրենական զբոսաշրջային շուկային, նպաստել Գորիս քաղաքը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն դարձնելու գործընթացին, նպաստել Գորիս քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, նպաստել Գորիս քաղաք այցելող զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճին, նպաստել Գորիս քաղաքում աշխատատեղերի ստեղծմանն ու զբոսաշրջությունից ստացված եկամուտների ավելացմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---