Մեկնարկում է «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը

Մեկնարկում է «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց «Հայաստանի և Վրաստանի ահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» Ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու հեռանկարները:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձինք: Համաժողովին ելույթներով հանդես եկան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն ընդգծեց համաժողովի կարևոր նշանակությունը և մասնավորապես նշեց. «Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, և մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում` ունենալով ԵՄ «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ:

Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը: Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների և քաղաքացիների առավել արագ և ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների և ավելորդ թղթատարության վերացում»:

Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:

Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաև կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---