Ազգային ժողովում հյուրընկալվել են Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները

Ազգային ժողովում  հյուրընկալվել են Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

ՀԿԵԽ նիստը կազմակերպվում է Եվրոպական միության և գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Ավարտին յուրաքանչյուր երկրից ընտրվելու է հնգական ներկայացուցիչ՝ եվրոպական կառույցներին տեղում ծանոթանալու համար, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի ավագ դպրոցների շուրջ 40 աշակերտներին ներկայացվեց օրենսդիրի գործունեությունը, ՀՀ Ազգային ժողովի պատմությունը, կառուցվածքը: Այնուհետև դպրոցական հյուրերի հետ հանդիպում ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով նրանց՝ ԱԺ փոխնախագահը կարևորեց այն հանգամանքը, որ վրացի երիտասարդների համար այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանն այսուհետ կլինի ոչ միայն հարևան երկիր, աշխարհագրական տարածք, այլև իրենց ընկերների հայրենիքը: Բարձր գնահատելով մարդկային ջերմ հարաբերությունները՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դրանք նաև այն «թելերն» են, որոնք կապում են ժողովուրդներ, պետություններ: Նա շեշտեց այն դերը, որ երիտասարդներին վերապահված է շուրջ 20 տարի ժողովրդավարության ուղին ընտրած երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Վրաստանի ապագան կերտելու գործում:

Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ 2013-ին կարևորագույն իրադարձություններ են սպասվում թե Հայաստանի և թե Վրաստանի քաղաքական դաշտում. ՀՀ-ում՝ փետրվարի 18-ին, իսկ հարևան երկրում տարեվերջին ընտրվելու են նախագահներ: ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում ՀԿԵԽ պատվիրակներն սպասվող իրադարձություններին, ինչ տրամադրություններ են նրանց ընտանիքներում: Թեման ոգևորեց դպրոցականներին, և ծավալված զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքականությամբ ու բուռն բանավեճերով հետաքրքված են ոչ միայն ավագ դպրոցների աշակերտներն իրենք, այլև իրենց հարազատները: Հերմինե Նաղդալյանն էլ պատմեց, թե երկրի քաղաքական իրադարձություններն ինչ արձագանք են գտնում իր ընտանիքում՝ զուգահեռաբար ներկայացնելով այն պատմությունը, որի միջով անցել է հասարակությունը անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններից մինչև ներկա փուլ:

Դպրոցականներն ԱԺ փոխնախագահին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, նաև հարցեր ուղղեցին խորհրդարանի աշխատանքների, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:

Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպումից հետո ՀԿԵԽ պատվիրակները ներկա գտնվեցին ԱԺ նիստին:

 Ուշագրավ
---