11  07.02.13 - Պռոշյան փողոցի պարիսպը քանդում են

Պռոշյանի պարիսպը քանդում են, իսկ քաղաքապետարանում դեռ ճշտում են

Պռոշյանի պարիսպը քանդում են, իսկ քաղաքապետարանում դեռ ճշտում են

PanARMENIAN.Net - Երեկ տեղեկացանք, որ քանդում են Պռոշյան փողոցի հայտնի դեղին պարիսպը: Այսօր փորձեցինք Երևանի քաղաքապետարանից պարզել, թե ով, ինչու ու ինչ նպատակով է դա անում: Զանգահարեցինք տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանին:

Հարցին, թե ով ու ինչ նպատակով է քանդում, վերջինս հարցրեց՝ «հնարավոր է՝ փոխո՞ւմ են»: Խոստացավ ճշտել ու 15 րոպեից պատասխանել: 20 րոպե անց կրկին զանգահարեցինք, այս անգամ ստացանք «դեռ ճշտում են» պատասխանը: Արդեն մեկ ժամից ավելի էր անցել, երբ կրկին զանգահարեցինք Գևորգյանին: Այս անգամ նա ուղղորդեց զանգահարել իր օգնական Արթուր Սարուխանյանին, ով կնշի, թե ով կարող է պատասխանել մեր հարցերին: Սարուխանյանը նշեց Անահիտ Եսայանի անունը, ով աշխատում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի հետ:

Զանգահարեցինք. Եսայանն ասաց, որ այս պահին Նարեկ Սարգսյանը քաղաքապետարանում չէ, բայց նա կփորձի խոսել ճարտարապետի հետ ու որևէ տեղեկություն հաղորդել մինչև երեկոյան 18:00-ն: Ի դեպ, ասենք, որ ինքը՝ Անահիտ Եսայանը, PanARMENIAN.Net ի թղթակցից էր մանրամասներ ճշտում քանդվող պարսպի մասին:

Ի՞նչ է ստացվում՝ Երևանում իրականացվող շինարարության մասին քաղաքապետարանում տեղյակ չե՞ն: Բայց չէ՞ որ հենց քաղաքապետարանն է տալիս այս կամ այն վայրում շինարարություն իրականացնելու թույլատվությունը,: Ինչ արած, եթե աշխատակիցներին մի քանի ժամ է պետք ճշտելու համար, թե «ինչ, որտեղ ու երբ», մնում է միայն հետևել, թե այս ժամերի ընթացքում պարսպի ինչքան մասը կհասցնեն քանդել, մինչ քաղաքապետարանը կգտնի մեզ հուզող հարցերի պատասխանները…

Մանե Եփրեմյան, Աստղիկ Հակոբյան, Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---