Բակո Սահակյան. Արցախը միշտ հայտնի է եղել իր որակյալ բժշկական կադրերով

Բակո Սահակյան. Արցախը միշտ հայտնի է եղել իր որակյալ բժշկական կադրերով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է առողջապահության համակարգի աշխատողների հետ և քննարկել ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, առկա հիմնախնդիրները և նրանց լուծման հեռանկարները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան զեկույցներով հանդես են եկել առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, համակարգի պատասխանատու աշխատողներ: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը միշտ հայտնի է եղել իր որակյալ բժշկական կադրերով, որոնք ճանաչված էին նրա սահմաններից դուրս, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ձևավորված ավանդույթների պահպանման և ոլորտի զարգացմանը նոր որակ հաղորդելու համար: Առողջապահության ոլորտը որակելով որպես հանրապետության ազգային անվտանգության կարևորագույն բաղադրամասերից մեկը՝ նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել առողջապահության զարգացման հայեցակարգ, որի հիմքում պետք է ընկած լինի բնակչության լայն խավերի համար բուժօգնության մատչելիության, որակի և արդյունավետության բարձրացման` սկսած առաջնային բուժօգնության ցուցաբերումից մինչև մասնագիտացված բուժման ավարտը, նյութական ու ֆինանսական միջոցների և կադրերի ճիշտ տեղաբաշխման հետ կապված խնդիրները: Բակո Սահակյանի խոսքով` վերջին տարիներին պետության կողմից առողջապահության բնագավառում իրականացվել է լուրջ աշխատանք` ուղղված ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, առողջապահական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջաններում առողջապահության համաչափ զարգացմանը: Այս ամենի հետ մեկտեղ Նախագահը նշել է, որ դեռևս չլուծված են մնացել մի շարք կարևորագույն խնդիրներ` կապված համապատասխան բարեփոխումների իրականացման, ոլորտի զարգացման հեռանկարների կանխանշման, կադրերի ընտրության ու ճիշտ տեղաբաշխման հետ: Նախագահ Սահակյանը բժշկական սպասարկման որակի հետևողական բարձրացման հետ մեկտեղ կարևորել է նաև առողջ ապրելակերպի քարոզումը, ինչը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի հասցնել քաղաքացիների առողջության պահպանումը և կանխել բազմաթիվ հիվանդություններ: Այս համատեքստում երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը համապատասխան կառույցների հետ և որպես սկզբնական օղակ նախադպրոցական ու դպրոցական հասատատությունների ընդգրկումը՝ հավելելով, որ այստեղ գերնպատակ է հանդիսանում առողջ բնակչություն ունենալը և ազգային գենոֆոնդի պահպանումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---