ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵԽ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Բրունո Հալլերի, ԵԽ Նախարարների կոմիտեի Ագոյի վերահսկման խմբի ղեկավար դեսպան Ռոլանդ Վեգեների, այնուհետեւ լրիվ կազմով Ագոյի վերահսկման խմբի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցում էր նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում եւ այդ համատեքստում ԵԽ-ի հանդեպ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Կարեւորելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների ամբողջացման ուղղությամբ` Եվրոպայի Խորհրդի պաշտոնյաները կրկին հայտնեցին իրենց աջակցությունը բարեփոխումների փաթեթին` հույս հայտնելով, որ Հայաստանի ժողովուրդը կգնհատի դրանց նշանակությունը երկրի ապագայի համար եւ ճիշտ կկողմորոշվի այս իրավիճակում: Վ. Օսկանյանը ԵԽ պաշտոնյաներին տեղեկացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին: Նույն օրը երեկոյան Վ. Օսկանյանը հանդիպեց նաեւ ԵԽ Նախարարների պատվիրակ, Պորտուգալիայի դեսպան Դուարտեի հետ:
 Ուշագրավ
---