ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱԿ-Ի ԳՎ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ14 սեպտեմբերի 2005 - 09:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի լիագումար հանդիպումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանին մասնակցում են ավելի քան 170 պետության ու կառավարության ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը Նյու Յորք է ժամանել սեպտեմբերի 12-ին: Կազմակերպության հոբելյանական այս նստաշրջանում, որը նախագահում է ՄԱԿ-ում Շվեդիայի նախկին մշտական ներկայացուցիչ Յան Էլիասոնը, նախատեսվում է քննարկել միջազգային կարեւորության համընդգրկուն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, աշխարհը եւ անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, Հազարամյակի մարտահրավերները, միջազգային իրավունքի հետ կապված հարցեր, ՄԱԿ-ի կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը, կրթության, առողջապահության հասանելիության, աղքատության, ատոմային էներգիայի, փախստականների, կանանց եւ երեխաների խնդիրների, կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պահպանության, խմելու ջրի եւ մի շարք այլ խնդիրներ: Մինչ նստաշրջանի բացումը, պատվիրակները բավականին երկար քննարկել են նստաշրջանի մասնակիցներին ներկայացվելիք` եռօրյա գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, որի պատճառով բացումը տեղի է ունեցել նախատեսվածից մի քանի ժամ ուշ: ՄԱԿ-ի նստաշրջանում, սեպտեմբերի 16-ին նախատեսվում է նաեւ Հայաստանի վարչապետի ելույթը: Մինչ այդ, Ա.Մարգարյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում: Մասնավորապես, սեպտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետը հանդիպել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» (ՀՄԿ) ղեկավարության` գլխավոր գործադիր պաշտոնյայի ժամանակավոր պաշտոնակատար Չարլզ Սեթնեսի եւ երկրների ծրագրերի փոխնախագահ Ջոն Հյուկոյի հետ: ՀՄԿ-ի պատվիրակությունը գոհունակությամբ է նշել, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները` վերջերս Հայաստան կատարած իրենց այցից դրական տպավորություններով են վերադարձել: Երկու կողմերն էլ արձանագրել են, որ ՀՄԿ-ի շրջանակներում համագործակցության համատեքստն ընդունելի է եւ ներկայումս աշխատանքներ են տարվում մեխանիզմների ճշգրտման ուղղությամբ: Այդ նպատակով առաջիկայում հայկական կողմից առանձին պատվիրակություն կժամանի Վաշինգտոն: Երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու կողմերի աշխատանքային խմբերի համագործակցությունից: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի գյուղատնտեսությանը, հատկապես` ֆերմերային տնտեսություններին: Նույն օրը Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Թորայա Օբեյդի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ պրն. Քեմալ Դերվիշի հետ: Թ.Օբեյդի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: ՀՀ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության փորձը եւ երկրի ներքին կարողությունները թույլ են տալիս ավելի մեծ գումարների ծրագրեր իրականացնել, քան նախատեսված է ընթացիկ տարվա համար: Քեմալ Դերվիշի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվել են այդ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Ք.Դերվիշը նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցությունը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ: Դրական գնահատելով այդ զարգացումները, ՀՀ վարչապետը նաեւ կարեւորել է մարդկային զարգացման զեկույցների հրապարակումը, ինչը մեծապես օգնում է անկողմնակալ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |