ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՐԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 60-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, նախօրեին ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես, տեղի է ունեցել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Եվրամիության արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հետ: Հանդիպման ընթացքում զրույց ծավալվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Վ.Օսկանյանը ամփոփ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքը: Նախարարը հանդիպեց նաեւ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Ջորջ Յակովուի հետ: Նրանք մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է նաեւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Գեյթի հետ, փոխանցելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական նամակն` ուղղված Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Կողմերը զրուցեցին նաեւ Միջին Արեւելքի եւ Կովկասի զարգացումների շուրջ: Բացի այդ, Վ.Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում Բելգիայի հատուկ ներկայացուցիչ Պիեր Շեվալիեի հետ: Նախարարը ներկայացրեց Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության տարբեր ոլորտները, գոհունակություն հայտնելով ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերված բազմակողմանի աջակցությունից, ներառյալ ժողովրդավարական եւ տարածաշրջանային զարգացումները: Նախարարը դեսպան Շեվալիեին իրազեկեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների եւ խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Երկկողմ հանդիպումներից բացի, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մասնակցեց ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Հանդիպման առանցքային հարցերից էր աղքատությունը հաղթահարելու նպատակով զարգացող երկրներին ցուցաբերվելիք օգնության խնդիրները: Վ.Օսկանյանը նաեւ աշխատանքային հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Սթիվեն Մանի հետ: Նշենք, որ վարչապետ Ա. Մարգարյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավորվեհաժողովում տեղի կունենա ուրբաթ, սեպտեմբերի 16-ին, իսկ Վ. Օսկանյանը ելույթով հանդես կգա սեպտեմբերի 18-ին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---