Ի՞նչ կառաջարկի Րաֆֆի Հովհաննիսյանը. Կկրկնվի՞ վերջին 20 տարիների սցենարը, թե` ոչ

Ի՞նչ կառաջարկի Րաֆֆի Հովհաննիսյանը. Կկրկնվի՞ վերջին 20 տարիների սցենարը, թե` ոչ

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հոհաննիսյանը առաջ գնալու մի քանի տարբերակ ունի, թե որը կընտրի նա` հնարավոր է հայտնի դառնա այսօր` ժամը 17:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: Վերլուծական շրջանակներն արդեն հասցրել են մտահոգություն հայտնել, որ հնարավոր է մի քանի հանրահավաք լինի և դրանով այս գործընթացն ավարտվի: «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ այսօր հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կրկնելու արդեն եղած որևէ սցենար և անակնկալ լուծում է առաջարկելու:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հայ հասարակությունը վերջին 20 տարիներին ընտրություններից հետո շարունակելու շատ ուղիներ չի տեսել, դրա համար ավանդական պատկերացումներ կան, որ ընտրությունները պետք է կեղծվեն, ընդդիմության լիդերը մի քանի հանրահավաք անի, հետո ժողովուրդը պետք է տուն գնա և ինքը կորչի:

«Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանն այլ բան առաջարկի և կարողանա դուրս բերել այս փակուղային վիճակից: Այս պահին ես չեմ տեսնում դա անելու հնարավորությունը», - ասաց քաղաքագետը:

Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ Ազատության հրապարակում կայացած ասուլիս-հանրահավաքին ներկա էր նաև ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ով ավելի ուշ հայտարարություն տարածեց, որ Ազատության հրապարակ էր այցելել նախևառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրք մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին:

«Ընթացիկ քաղաքական իրավիճակը առավել քան հստակ է. ժողովուրդը վստահության քվե է տվել ՀՀ նախագահի թեկնածու, հայրենադարձ գործիչ, «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի հետագա զարգացումների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնի հանրությանը, ժողովդրին:Իմ՝ Ազատության հրապարակում լինելը արձանագրումն է այն բանի, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել այն քայլերին, որոնք միտված կլինեն Հայաստանում իրական, համակարգային փոփոխությունների հասնելուն, ժողովրդի իշխանության հաստատմանը: Ընդգծում եմ առանց սեթևեթանքների. Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած գործընթացներին իմ հետագա աջակցությունը կախված կլինի բացառապես դրանց քաղաքական և քաղաքացիական բովանդակությունից», - հայտարարել էր նա:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով այս կամ այն գործչի` Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու հավանականությունը և դրա քննարկումն իմաստ ունի միայն «Ժառանգության» առաջնորդի ձեռնարկելիք քայլերից հետո: «Նրա գործողություններից հետո կկարողանանք հասկանալ, Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա արդյոք փոխել իրավիճակը, որը կրկնվում էր վերջին 20 տարիների ընթացքում: Եթե կարողանա փոխել, և դրան շատ մարդիկ մասնակցեն, ապա այդ ժամանակ բավական հետաքրքիր կլինի»,- պարզաբանեց Երվանդ Բոզոյանը:

 Ուշագրավ
---