«Մատաղիսի գործ». Սպանված զինվորներից մեկի հարազատները դատի են տվել մյուս զինվորի հարազատներին

«Մատաղիսի գործ». Սպանված զինվորներից մեկի հարազատները դատի են տվել մյուս զինվորի հարազատներին

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ կսկսի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ բողոքների քննությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տուժող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը`Արթուր Եղիազարյանը, ասաց, որ իրենք այս մասին դեռ տեղյակ չեն: «Գուցե դատարանի նամակն արդեն ճանապարհին է, բայց դեռ չի հասել», - նշեց նա:

Տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը միջնորդել է վերանայել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Հ. Մովսեսյանի նախագահությամբ և դատավորներ Մ. Սարոյանի ու Ա. Խաչատրյանի մասնակցությամբ, անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճիռը և «կայացնել ճիշտ վճիռ»: Գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազությունը ևս միջնորդել է բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ:

Դատավճռով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանն անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Արթուր Եղիազարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ վաղը, մեկ այլ գործով Թալինի դատարան պիտի ներկայանա: Խոսքը վերջին ասուլիսներից մեկի ժամանակ նրա հայտարարություններից մեկի մասին է: Արթուր Եղիազարյանը հայտարարել էր, որ Ռոման Եղիազարյանի հետ սպանված մյուս զինվորի` Հովսեփ Մկրտումյանի հարազատները գնացել են համագործակցության գործով մեղադրյալների հարազատների հետ ու իրենց էլ են նույնն առաջարկել:

«Ես իմ երեխու արյունը չեմ ծախի», - ասուլիսի ժամանակ ասել էր Ռոման Եղիազարյանի մայրը: «Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը դատարանով պահանջում է, որ ներողություն խնդրեմ: Ինչի համա՞ր: Ես պատասխանել եմ լրագրողներից մեկի հարցին ու իմ կարծիքն արտահայտել», - ասաց Արթուր Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը սպանվել են 2003 թվականին:

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման:

2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): Խափանման միջոցը` ազատազրկումը, փոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն:

2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---