ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՇՐՋԵԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 14-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր առավոտյան Եռաբլուր այցելեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի եւ ոստիկանության բարձրաստիճան սպայակազմը, ԱԺ պատգամավորներ: Պաշտոնական այրերը ծաղիկներ դրեցին Անդրանիկ Զորավարի, Հայաստանի նախկին պաշտպանության ն ախարար Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով` Հայաստանի անկախությունն անշրջելի իրողություն է, կյանքը ցույց է տվել, որ դա ոչ միայն ցանկություն, այլ անհրաժեշտություն է: «Մնում է, որ հետագայում կարողանանք պետությունը հզորացնել, կայունացնել, ապահովել նրա անվտանգությունը, առաջին հերթին լուծել ժողովրդին հուզող սոցիալական հարցերը, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երկրից արտագաղթածները հետ վերադառնան, շենացնեն երկիրը` միանալով հզոր պետություն ունենալու մեր բոլորի ջանքերին»,- ասաց նա: Շնորհավորելով տոնի կապակցությամբ` Ա.Մարգարյանը հայ ժողովրդին մաղթեց ամուր կամք ու հավատ: ՀՀ խորհրդարանի խոսնակի կարծիքով` Հայաստանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ընթանում է առաջ: «Ամեն տարի այստեղ հավաքվելով` եւս մեկ անգամ իմաստավորում են առաջ գնալու, ժողովրդի կուտակած խնդիրների լուծելու անհրաժեշտությունը»,- նշեց նա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերով` անկախության օրը բոլորի տոնն է, քանի որ Հայաստանի անկախությունը համայն հայությանն է: «Ամեն ինչ սկսվեց անկախությունից, այն ռազմական, բարոյական, տնտեսական ու քաղաքական հաղթանակ է, եւ բնական է, որ առանց Հայաստանի անկախության չէր լինի եւ Ղարաբաղինը»,- նկատեց նա: Իր հերթին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անկախության ամենամեծ ձեռքբերումն է համարում ազատ ապրելու իրավունքը: Պատասխանելով, թե որոնք են անկախության տարիների բացթողումները` նա նշեց, որ «երեւի այն, որ մի քիչ ուշ սկսեցինք զբաղվել բոլոր այն տղաների սոցիալական խնդիրներով, ովքեր իրենց կյանքը տվել են անկախությանը»: Նա ավելացրեց, որ Եռաբլուր է եկել հպարտության զգացումով: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի խոսքերով` անկախության այս տարիներին իրենց հիմնական խնդիրն ու նպատակը եղել է սեփական շահերը եւ սահմանները պաշտպանելու ունակ, զարգացող պետություն ստեղծելը: «1990-ական թթ. հաղթանակած բանակի հիման վրա այս ընթացքում կարողացել ենք այնպիսի բանակ ստեղծել, որն ավելի մարտունակ, համալրված ու ապահովված է` պատրաստ լուծելու պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,-ասաց գեներալը` հավաստելով, որ հպարտ է, որ հայ է ու ապրում է Հայաստանում: Շնորհավորելով համայն հայությանը` նա մաղթեց, որ անկախության տոնը երկար տարիներ ու դարեր հայ ժողովուրդը նշի անկախ, հպարտ ու զարգացած Հայաստանում:
 Ուշագրավ
---