Ա. Մանասյան. Ադրբեջանում անգամ իշխանության փոփոխության դեպքում հայատյաց տրամադրության փոփոխություն չպետք է ակնկալել

Ա. Մանասյան. Ադրբեջանում անգամ իշխանության փոփոխության դեպքում հայատյաց տրամադրության փոփոխություն չպետք է ակնկալել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժման սկզբից անցել է արդեն քառորդ դար, բայց շատ հարցեր դեռ մնացել են անպատասխան, շատ երևույթներ իրենց սահմանումները չեն ստացել:

Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ դա զարմանալի չէ, քանի որ Սովետական միությունում քաղաքական միտք չկար: Պատահական չէ, որ ժողովրդական շարժման, ազգային-ազատագրական ալիքի վրա տեղի ունեցած իրադարձությունները այդ տարիներին, դրանից հետո և մինչև հիմա գիտական սահմաննումներ չեն ստացել: Դրանցից մեկը թուրքական մշակույթի իմաստավորման հարցն է: «Կան աշխատություններ, թե ինչպես է պահել իրեն այդ ժողովուրդը, բայց քաղաքական վարքի մասին, որ կարելի էր ցույց տալ աշխարհին, չկան:

1915 թվականին Ստամբուլում հայերի ու հույների ջարդերը և Սումգայիթյան ջարդերը այնքան նման են, բայց դա չի արձանագրվում գիտական առումով: Չի գրվել մեր քաղաքական վարքի մասին. ինչո՞ւ այդ ջարդեը կատարվեցին հենց հայերի հետ, ինչո՞ւ չկարողացանք դրանց դեմն առնել: Այս հարցերը նույնպես անպատասխան են դեռ», - նշեց Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը ընդծեց նաև, որ չեն բացատրվում գորբաչովյան Մոսկվայի և Արևմուտքի վերաբերմունքը. առաջինը, որ ջանք չթափեց ճիշտ ժամանակին կանգնեցնելու ադրբեջանական հրոսակներին, երկրորդը, որ մինչև 1991 թվականը խրախուսում էր ղարաբաղցիներին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կորցրեց հետաքրքրությունը Ղարաբաղի նկատմամբ:

Ալեքսնադր Մանասյանը նշեց մի քանի բացթողումներ, որ հայ ժողովուրդը չի հասկանում: Ղարաբաղյան շարժման ժամանակ ցուցարարները գոչում էին «ինքնորոշում հայ փոքրամասնությանը», դա սխալ էր, որովհետև հայերը երբեք փոքրամասնություն չեն եղել Ադրբեջանում, նրանք եղել են հիմնադրող ժողովուրդ այնտեղ: «Մենք մինչ այսօր չգիտենք, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը: Չպետք է դա նույնացնել մարզի հետ: Լեռնային Ղարաբաղը ոչ միայն ԼՂԻՄ-ն է, այլև դրա հյուսիսում գտնվող տարածքները: ԼՂՀ-ն Ղարաբաղի սահմաններից դուրս չի եկել: Ընդհակառակը` Լեռնային Ղարաբաղի շատ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Պատմաբանը նշեց նաև, որ Ադրբեջանում անգամ իշխանության փոփոխության դեպքում հայատյաց տրամադրության փոփոխություն չպետք է ակնկալել. «Առնվազն միամտություն կլիներ այդպես մտածել: Դա քաղաքական մշակույթի հարց է. այդպես, երբ երկրորդ նախագահ Քոչարյանը Եվրոպայում հայտարարեց, որ հայերը և ադրբեջանցիները անհամատեղելի են, այնտեղ դրանում ռասիզմի տարրեր տեսան: Իհարկե, այդպես չպետք է ասել, բայց պետք է ցույց տալ: Օրինակ, հայկական էպոսի հերոսներից Դավիթն ասում է «Ով քնած է, արթուն կացեք», իսկ Ադրբեջանում հերոսացնում են քնածին սպանողին, հարյուրավոր, հազարավոր երեխաների կնքում մարդասպանի անունով»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը:

 Ուշագրավ
---