Րաֆֆի Հովհաննիսյանը վարչական դատարանում կվիճարկի ԿԸՀ որոշումը

Րաֆֆի Հովհաննիսյանը վարչական դատարանում կվիճարկի ԿԸՀ որոշումը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայց է ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ` փետրվարի 25-ին ընդունած որոշումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, որով պահանջում էր դիմել դատարան` Սերժ Սարգսյանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցով:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Սերժ Սարգսյանի շտաբը 1600 նախընտրական շտաբ է բացել և նույնքան քարոզչական պաստառ տպել այդ շտաբերի համար, իսկ այդ գումարը ներառված չի եղել նախընտրական հիմնադրամի մեջ: Ըստ նրա` միայն այդ ծախսը գերազանցում է նախընտրական հիմնադրամով թույլատրելի 100 մլն դրամը, ուստի Սերժ Սարգսյանի գրանցումը պետք է չեղյալ հայտարարվի: ԿԸՀ-ն մերժել էր Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցչի պահանջը:

 Ուշագրավ
---