Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձով հանձնելու հարց գյուղնախարարության օրակարգում չկա

Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձով հանձնելու հարց գյուղնախարարության օրակարգում չկա

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ հանձնելու հարց գյուղնախարարության օրակարգում չկա: Այդ մասին այսօր կառվարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Այդ հարցը պետք է լուծվի կառավարական մակարդակով»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ օրենքը չի արգելում հողերը հանձնել վարձակալությամբ:

Ավելի վաղ «ԷկոԼուր» ՀԿ-ն հրապարակել էր երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են հայ-իրանական համագործակցությանը Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանի նահանգ Արևելյան Ադրբեջանին (Արևելյան Ատրպատական) վարձով տալուն:

Առաջին փաստաթուղթը կոչվում է «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև»: Այն ստորագրված է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի միջև: Այն կնքվել է Գորիս քաղաքում 10.07.2012թ.-ին, կազմված է 13 կետից: 3-րդ կետում ասված է. «Իրանական կողմը իր պատրաստակամությունը հայտնեց արոտավայրերից և գյուղատնտեսական հողատարածքներից օգտվելու մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայկական կողմը տարածքների տրամադրման պայմանները, ինչպես նաև ըստ տարածքների գոյություն ունեցող արոտավայրերի և գյուղատնտեսության հողատարածքների մասին տեղեկություններ փոխանցի իրանական կողմին»: Ապա 11-րդ կետում ասված է. «Հայկական կողմի առաջարկով իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց ՀՀ Սյունիքի մարզում սպանդանոցի (Գորիսի տարածաշրջանում) և համակցված կետերի արտադրամասի (Սիսիանի տարածաշրջանում) համատեղ ձեռնարկություններ հիմնելու վերաբերյալ նախագիծը ներկայացնել իրանական կողմի ներդրողների քննարկմանը և հայկական կողմին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»:

Երկրորդ փաստաթուղթը ստորագրված է 2013թ. հունվարի 15-ին հայկական պատվիրակության ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի ընթացքում: Փաստաթուղթն արդեն ստույգ է և կոչվում է «Համաձայնագիր»:

«Ի հետևումն նախկինում Սյունիք մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մարզպետների միջև տեղի ունեցած համաձայնությունների և համաձայն 15 հունվար 2013 թվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատվիրակության ներկայությամբ Արևելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական կազմակերպության կենտրոնատեղիում տեղի ունեցած ժողովին՝ գյուղատնտեսական բաժնի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին Սյունիք մարզ փոխադրելու անասուններ և արոտացնելու հետևյալ պայմաններով. Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ և արոտացնել, և իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է: Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:

Չնայած, որ ՀՀ իշխանություննրը, Սյունիքի մարզպետարանը դեռևս լռում են կատարվածի մասին, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ահազանգում է՝ նման համագործակցությունը վտանգում է ազգային և բնապահպանական անվտանգությունը: Երիտասարդ ակտիվիստ Վազգեն Գալստյանը հայտնեց, որ 2013թ. հունվարի 18-ին բաց նամակ է ուղարկվել ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել: Ակտիվիստները մտադիր են տեղեկությունները տարածել Սյունիքի բնակիչների շրջանում, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է նրանց սպասում:

Իր հերթին իրանահայ ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը հայտնեց, որ Իրանը անապատային երկիր է, որտեղ արոտավայրերի անարդյունավետ օգտագործման հետևանքով դրանց մեծ պակաս է առաջացել: «Մի՞թե մենք պետք է թույլ տանք, որ այդ մարդիկ գան ու մեր արտովայրերն էլ վնասեն»,-ասել է նա: Բացի այդ, նրան մտահոգում է նաև այն փաստը, որ ներմուծվող ոչխարների հետ Հայաստանում կարող են տարածվել վարակիչ հիվանդություններ, որոնք փոխանցվում են տիզի միջոցով, ինչպես նաև չի բացառել, որ ոչխարների օրգանիզմում կարող են նաև թմրանյութեր թաքցնել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---