Արտակ Զաքարյան. Տարբեր երկրների խորհրդարաններում ԼՂ խնդրի քննարկումն ապակայունացնում է տարածաշրջանը

Արտակ Զաքարյան. Տարբեր երկրների խորհրդարաններում ԼՂ խնդրի քննարկումն ապակայունացնում է տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է իր ամբողջ դիվանագիտական ուժն օգտագործել` տարբեր երկրների խորհրդարաններն Արցախի հիմնախնդրի շուրջ ակտիվ քննարկումների թիրախ դարձնելու նպատակով: Ադրբեջանական լոբբիստական կառույցների և պաշտոնական խողովակների գործունեության մասին այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշվածին ավելացրեց. «Մտահոգիչն այն չէ, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ դա վաղուց արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ: Մտահոգիչն այն է, որ մեր գործընկեր, բարեկամ երկրների խորհրդարանականները, նաև այնպիսի երկրների, որ ընդհանրապես առնչություն չունեն Հարավային Կովկասի հետ, հնարավորություն են ստեղծում, որպեսզի իրենց երկրների խորհրդարաններում քննարկումներ ծավալվեն: Իսկ այդ քննարկումները ոչ միայն չեն օգնում հակամարտության կարգավորմանն, այլև ապակայունացնում են տարածաշրջանը»:

Արտակ Զաքարյանը նկատեց, որ տարբեր երկրների խորհրդարաններում քննարկում են հատկապես հնարված Խոջալուի դեպքերն ու Հայաստանի դեմ ապատեղեկատվություն է տարածվում: «Մեր դիվանագիտական ողջ ուժերն ուղղված են կասեցնելու նմանատիպ գործընթացները, համապատասխան հայտարարությունները և փաստաթղթերը: Այդ ուղղությամբ ԱԳՆ մեր գործընկերների հետ ակտիվ աշխատում են նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակություններն ու բարեկամական խմբերը: Պարտադիր չէ, որ այդ աշխատանքը երևա: Ադրբեջանն իր 10 գործից միայն մեկում է կարողանում հաջողության հասնել, իսկ մնացած իննում հայկական կասեցումն է»,- պնդեց նա ու տեղեկացրեց նաև, որ արդեն համապատասխան նամակ է ուղարկել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի իր գործընկերոջը:

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև էր ընդունել, որով Խոջալուի դեպքերը որակել էր որպես հայերի կողմից իրականացված էթնիկ զտումներ: Չեխիայից բացի Արտակ Զաքարյանը նշեց նաև այլ երկրներ, որտեղ ադրբեջանական լոբբին արդեն հաջողություն է ունեցել կամ այդ ուղղությամբ քայլեր է նախաձեռնում` Իտալիա, Գերմանիա, Մեքսիկա, Ֆրանսիա, Իսպանիա, Սերբիա, Բոսնիա:

Հայ խորհրդարանականի խոսքով՝ մեր դիվանագետներն էլ հաջողություններ են ունենում, բայց դրանք դրոշակ չեն դարձնում, որովհետև չունեն այն խնդիրը, ինչ նրանց ադրբեջանցի գործընկերները` Ալիևների կլանին գոհացնելու: Բացի այդ Արտակ Զաքարյանը նշեց, նաև որ հակահայկական բանաձևերը մեկ օրում չեն պատրաստվում և հայկական կողմը տեղյակ է լինում դրանց մասին: Նա մասնավորեցրեց, որ Չեխիայի դեպքում էլ տեղյակ էին, բայց «խավիարային դիվանագիտության» դեմ այս անգամ ոչինչ անել չհաջողվեց:

 Ուշագրավ
---