Լիբանանում ՀՀ դեսպան. Սումգայիթը հայերի դեմ էթնիկ զտման քաղաքականության 1-ին դեպքն էր ԽՄ-ում

Լիբանանում ՀՀ դեսպան. Սումգայիթը հայերի դեմ էթնիկ զտման քաղաքականության 1-ին դեպքն էր ԽՄ-ում

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Բեյրութի Սուրբ Լուիս եկեղեցում Ալ-Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպել է համերգ Հայաստանի Գեղարդի վանքի երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան): Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշել է, որ համերգն էլ ավելի է խորացնում երկու բարեկամ երկրների մշակութային հարաբերությունները: Այնուհետեւ նշվել է, որ համերգը համընկնում է Սումգայիթում 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր անմեղ հայեր: Դեսպանը հավելել է, որ սումգայիթյան ոճրագործությունը հայ բնակչության հանդեպ իրականացված էթնիկ զտման քաղաքականության դրսևորման առաջին դեպքն էր Խորհրդային Միության տարածքում:

Երգչախմբի դիրիժոր Անահիտ Պապայանը նույնպես անդրադարձել է սումգայիթյան ողբերգությանը՝ նշելով, որ ամեն տարի փետրվարի վերջին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհվածներին:

Համերգի ընթացքում Գեղարդի վանքի երգչախումբը կատարել է Մոցարտի, Վերդիի, Ռախմանինովի, Մոտեվերդեի, Բրամսի երաժշտական գործերից հատվածներ, ինչպես նաև միջնադարյան շարականներ, հայ կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր: Երգչախմբի երգացանկում կային նաև երգեր` նվիրված սումգայիթյան եղեռնագործության անմեղ նահատակների հիշատակին: Համերգին ներկա էր Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, ինչպես նաև պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ ու մշակույթի գործիչներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---