Շենգավիթում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձանց գործն ուղարկվեց դատարան

Շենգավիթում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձանց գործն ուղարկվեց դատարան

PanARMENIAN.Net - Ոստիկանության Շենգավիթի բաժնում ավարտվել է թիվ 12/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը և թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաև թիվ 12/16 ընտրատեղամասում: Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել և քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է և կանխել։

Իսկ Ռ.Ղազարյանը, ով է 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ է եղել, Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին գրանցել է և թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար, իսկ Ռ.Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործը մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---